Արցախցիներն ահազանգում են բռնի տեղահանված արցախցիների համար ՀՀ կառավարության բնակարանային ծրագրի դժվարությունների մասին
Արցախ Միությունը պատրաստել և հրապարակել է զեկույց ու առաջարկություններ բռնի տեղահանված արցախցիների համար ՀՀ կառավարության բնակարանային ծրագրի վերաբերյալ, իսկ Արցախի ժողովրդի կարիքների ապահովման նախաձեռնությունը, բաղկացած շուրջ 40 հասարակական կազմակերպություններից, աջակցություն է հայտնել փաստաթղթին:
Զեկույցը պարունակում է 2024թ. մայիսի 16-ին ընդունված ծրագրի հիմնական սկզբունքների վերլուծություն, առկա իրավիճակի հակիրճ նկարագրություն և գործող ծրագրի էականորեն լավարկման առաջարկներ՝ համապատասխան հիմնավորումներով ու հավելվածներով:
Ծրագրի վերլուծության արդյունքում վեր են հանվել մի շարք խնդիրներ և մարտահրավերներ, որոնք խոչընդոտում են դրա արդյունավետ իրականացմանը: Այդ խնդիրները կարելի է դասակարգել մի քանի հիմնական խմբերի, մասնավորապես՝
1. Ցածր դիմելիություն. Հոկտեմբերի սկզբի դրությամբ՝ Ծրագրին դիմել և վկայագիր է ստացել շուրջ 30 ընտանիք, ինչը կազմում է ընդհանուր թիրախային խմբի ընդամենը 0.12%-ը: Այս ցածր ցուցանիշը վկայում է ծրագրի մատչելիության կամ պայմանների հետ կապված խնդիրների մասին:
2. Ֆինանսական խոչընդոտներ. Գործող ծրագրով հաշվի չի առնվում բնակարանների շուկայական գների իրական պատկերը: Հատկապես Երևանում և այլ քաղաքներում առաջարկվող աջակցության չափը բավարար չէ արժանապատիվ բնակարանային պայմաններ ապահովելու համար, իսկ բնակելի տան կառուցման պայմանները գլխավորապես չեն համապատասխանում նույնիսկ պետական լիազոր մարմնի կողմից հաստատված նախագծերի նվազագույն արժեքներին:
3. Իրավական խոչընդոտներ. Ծրագրի որոշ պահանջներ, օրինակ՝ դիմելու պահին ՀՀ քաղաքացիության պահանջը, խոչընդոտում են շահառուների մասնակցությանը, իսկ մի շարք այլ դրույթներ առաջացնում են տարբեր խմբերի անձանց իրավունքների խախտումներ, որոնք երբեմն հակասում են նույնիսկ ՀՀ Սահմանադրությանը:
4. Հատուկ կարիքներ ունեցող խմբերի անտեսում. Գործող ծրագիրը բավարար չափով հաշվի չի առնում հատուկ կարիքներ ունեցող խմբերի, օրինակ՝ հաշմանդամություն ունեցող անձանց և զոհված զինծառայողների ընտանիքների կարիքները:
5. Վարկավորման հետ կապված խնդիրներ. Շատ շահառուներ դժվարություններ ունեն լրացուցիչ հիփոթեքային վարկեր ստանալու հարցում, հատկապես եթե նախկինում ունեցել են վարկային պարտավորություններ և, հիմնականում իրենց կամքից անկախ պատճառներով, խնդիրներ ունեն վարկային պատմության հետ:
Վերոնշյալ և մի շարք այլ խնդիրների համակարգային ու հիմնարար լուծման համար փաստաթուղթն առաջարկում է ողջամիտ ու արդյունավետ լուծումներ՝ միաժամանակ ներկայացնելով փաստական ու իրավական հիմնավորումներ դրանց օգտին:
Արցախ Միությունը և Արցախի ժողովրդի կարիքների ապահովման նախաձեռնությունն ակնկալում են, որ ՀՀ կառավարությունը հաշվի կառնի սույն առաջարկները, ինչպես նաև արագ կերպով կմեկնարկի իրական ու արդյունավետ հանրային քննարկումներ ծրագրի հիմնարար բարելավման համար:
Զեկույցին կարելի է ծանոթանալ այս հղմամբ:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան