«Գոյ» թատրոնի դերասանների վարքագիծն անհասկանալի է, մենք ունեինք պայմանավորվածություն. ԿԳՄՍ նախարար
«Տեղյակ եմ այդ վիճակին, տեղեկացված են մեր իրավապահ մարմինները, հետագա գործընթացները նախարարության և «Սունդուկյանի» թատրոնի տիրույթից դուրս են, մեր իրավապահ մարմինները պետք է այս իրավիճակին արձագանքեն»,- ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ անդրադառնալով «Գոյ» թատրոնի շուրջ իրավիճակին, մասնավորապես, որ երեկ «Գոյ» թատրոնի դերասանները մտել են թատրոն, Սունդուկյանի անվան թատրոնի տնօրենը դիմել է իրավապահներին, որ ապօրինի են մուտք գործել։
Նախարարի խոսքով, բազմաթիվ հանդիպումներ են ունեցել թատրոնի տարբեր ներկայացուցիչների հետ, նրանց երաշխավորվել է, որ իրենց ստեղծագործական գործունեության և ազատության որևէ խոչընդոտ չկա, կարող են իրացնել բեմերում, այդ թվում Սունդուկյան թատրոնի բեմերում։
«Բայց նրանց հետագա վարքագիծն ինձ համար շատ հասկանալի չէ, որովհետև մենք ունեինք պայմանավորվածություն, որ կարող ենք գործարկել մասնավոր թատրոնների աջակցության մեխանիզմ, եթե որոշեն գնալ այն ճանապարհով, որ իրենց հետագա գործունեությունը որպես մասնավոր թատրոն կազմակերպեն կամ կարող էին որպես առանձին ստեղծագործական միավոր աշխատել Սունդուկյան թատրոնի կազմում, սակայն, ակնհայտ է, որ այդ հարցերին նրանց արձագանքն արդեն դուրս է տրամաբանության շրջանակից»։
Անդրադառնալով դասագրքերի մասին լրագրողի հարցին, մասնավորապես՝ ուսումնական տարին 13 դասագրքի խնդրով էր սկսվել, նա ասաց. «Ես հիմա կասեմ այն, ինչ ասել եմ, խնդրում եմ ձեր որակումները զերծ պահել ձեր հարցադրումից։ Ես ասել եմ ու ասում եմ հետևյալը՝ բոլոր դասագրքերը, որոնք պետք է տպագրված լինեին, տպագրած են եղել ու տրամադրվել են դպրոցներին մինչ սեպտեմբերի 1-ը։ Պա՞րզ է ձեզ իմ պատասխանը»։
Լրագրողի դիտարկմանը, որ ուսուցիչները, տնօրեններն այլ բան են ասում, այսինքն նրանք ստո՞ւմ են, Ժ. Անդրեասյանն ասաց. «Պարզ է ձեզ իմ պատասխանը։ Պարզ է ձեզ իմ պատասխանը, եթե պարզ է, ուրեմն ձեր հետագա հարցադրումն ձեր խնդիրն է»։
Հարակից հրապարակումներ`
- «Գոյ» թատրոնի դերասանները գիշերել են հենց թատրոնում
- Ոստիկանները փորձում են մեզ թատրոնից բռնի ուժով դուրս հանել․ «Գոյ» թատրոնի դերասան
- Սունդուկյանի անվան թատրոնի տնօրենը ոստիկանների հետ մտավ «Գոյ» թատրոնի դահլիճ
- «Գոյ»-ի դերասաններից որևէ մեկը պայմանագիր չի կնքել Սունդուկյան թատրոնի հետ, սպասում են իրենց «անկախ թատրոնին»
- «Գոյ»-ի դերասանները չկարողացան մուտք գործել թատրոն, բայց ժամանակավորապես դադարեցնում են ակցիաները
- Այսօր գնում ենք, որ մեր թատրոնի մուտքից մտնենք և տեսնենք՝ արդյոք ԿԳՄՍՆ հետ բանակցությունները վստահելի են, թե ոչ. «Գոյ»
- Քննչական կոմիտեում հարցաքննվել է «Գոյ» թատրոնի կառավարման խորհրդի նախագահ Սարգիս Արզումանյանը
- ԿԳՄՍՆ-ից «Գոյ»-ի հետ բանակցելու ցանկություն են հայտնել. Արզումանյան
- Գուցե այսօր «Գոյ» թատրոնի դուռն էլ բացվի. Սարգիս Արզումանյանը՝ Սունդուկյան թատրոնի վերնախավին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան