Երևի իրենց թվացել է՝ մեզ 6 ամիս տանել-բերելով, համաձայնել ենք. «Գոյի» կառավարման խորհրդի նախագահ
«Մեր վարքագիծը, բնականաբար, հասկանալի չի լինի նախարար Ժաննա Անդրեասյանին»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց «Գոյ» թատրոնի կառավարման խորհրդի նախագահ, ռեժիսոր Սարգիս Արզումանյանը՝ արձագանքելով ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի այսօր քիչ առաջ արած հայտարարություններին «Գոյ» թատրոնի հետ կապված։
Հիշեցնենք, որ «Գոյ» թատրոնի դերասանները երեկ մուտք էին գործել թատրոնի տարածք, ուր նրանց մուտքն այս տարվա մարտից արգելված է ու գիշերել են հենց թատրոնում։ Նրանց պահանջն է՝ հրատապ լուծում տրվի իրենց խնդրին, իսկ իրենց խնդիրն է՝ «թույլ տալ ստեղծագործել»։
Ս. Արզումանյանն ասաց, որ արդեն 6 ամիս է ինտենսիվ քննարկումներ են ունեցել ԿԳՄՍ նախարարության հետ. «Մենք մեր ծրագիրն ենք ներկայացրել, թե ինչպես ենք տեսնում հարցի լուծումը։ Խոսքը, մասնավոր, անկախ թատրոնի մասին է, ոչ պետական ստատուս ունեցող թատրոնի, այսինքն լինենք ՍՊԸ, պետությունը «Գոյ» թատրոն ՍՊԸ-ին տա աջակցություն։ Այս մասով սկսել էինք քննարկում։
Մեր պահանջը մասնավոր թատրոնի դեպքում եղել է հետևյալը՝ մենք բացառապես գործում ենք մեր նույն տարածքում, որտեղ երկար տարիներ գործել ենք։ ԿԳՄՍ նախարարությունն ասում էր կօժանդակենք, կաջակցենք գումարով։ Սկզբնական շրջանում նաև տարածքի հարց էր բարձրացվում, ինչու չէ՝ կարող եք այդ տարածքը դիտարկել, բայց չգիտենք՝ ինչ եղանակով, մեխանիզմով կարող ենք ձեզ տալ։ Այլ տարածքի մասին չենք խոսել։ Հետո խոսակցությունն այնպես եղավ, որ վերջում եկանք, հասանք այն կետին, որ այդ տարածքը չենք կարողանում տալ ձեզ, միայն կարողանում ենք տալ գումարը։
Իրենց մոտ երևի տպավորություն է եղել, որ մենք համաձայն ենք։ Բայց մենք միշտ ասել ենք, շեշտել ենք՝ ուզում ենք այդ տարածքում գործել։ Իրենց էլ ենք ասել՝ գումար մեզ պետք չէ, մեզ այդ տարածքն է պետք, տվեք մեզ վարձակալության, մենք դրա դիմաց կվճարենք։
Երևի թվացել է, որ 6 ամիս մեզ տանել-բերելով, փակուկ բարձ դնելով մեր գլխի տալ, մենք համաձայնել ենք ու այսօրվա մեր ընդդիմանալը դրան, հասկանալի չի եղել։ Իրենց թվացել է՝ մեզ կարողացել են համոզել, դրա համար մեր այս վարքագիծն իրենց համար անհասկանալի է»։
Ինչ վերաբերում է առաջիկա անելիքներին, Ս. Արզումանյանն ասաց, որ դեռ թատրոնում են, այստեղից դուրս կգան, եթե մինչև այսօր ժամը 18։00-ն որևէ պատկան մարմնից՝ դատախազություն, ԿԳՄՍ նախարարություն, հարցին հրատապ լուծում կտան։
«Մեկուկես տարի է անընդհատ սպասում ենք։ Երեկ էլ դատախազություն մուտք ենք արել դիմում առերևույթ հանցագործության մասին կոնկրետ ֆիզիկական անձանց, մարդկանց վերաբերյալ, որոնք, ըստ մեզ, ապօրինություներ են արել։ Եթե դատախազությունը կարձագանքի, ԿԳՄՍ նախարարությունը կարձագանքի, որ հարցին լուծում են տալիս, օրինակ՝ դատախազությունն ասում է վարույթ է ընդունել, 5 օրում արդյունք կունենանք, այլ ոչ թե բանակցում ենք, քանի որ բանակցելու բան չկա, գիտեն մեր դիրքորոշումը, այսօր դուրս կգանք այստեղից։ Մինչև 18։00-ն կսպասենք թատրոնում պատկան մարմինների արձագանքին։ Եթե չլինի արձագանք՝ կասենք, թե ինչ ենք անում»,- ասաց Արզումանյանը։
Նա նաև նշեց, որ իրենց ընկերները, որոնք այսօր դուրս են եկել անձնական գործերով կամ գնացել են դատախազություն՝ պարզելու գործից մանրամասներ, այլևս թույլ չեն տվել մուտք գործել թատրոն, նաև թույլ չեն տվել երեկվանից թատրոնում գտնվող դերասաններին սնունդ բարձրացնել։
Հիշեցնենք՝ կառավարության որոշմամբ «Գոյ» թատրոնը միավորվել է Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնին, սակայն «Գոյ» թատրոնի դերասանական ու ստեղծագործական կազմը դեմ է այդ միավորմանը, իրենք ուզում են որպես առանձին թատրոն հանդես գալ, չեն ուզում գնալ ու աշխատել Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնում։ Նրանք միավորման վերաբերյալ կառավարության որոշումը վիճարկում են դատարանում։
Մարտի վերջից փակվել է թատրոնի դուռը և դերասանները չեն կարողանում մուտք գործել և փորձեր անել։
Հարակից հրապարակումներ`
- «Գոյ» թատրոնի դերասանների վարքագիծն անհասկանալի է, մենք ունեինք պայմանավորվածություն. ԿԳՄՍ նախարար
- «Գոյ» թատրոնի դերասանները գիշերել են հենց թատրոնում
- Ոստիկանները փորձում են մեզ թատրոնից բռնի ուժով դուրս հանել․ «Գոյ» թատրոնի դերասան
- Սունդուկյանի անվան թատրոնի տնօրենը ոստիկանների հետ մտավ «Գոյ» թատրոնի դահլիճ
- Քննչական կոմիտեում հարցաքննվել է «Գոյ» թատրոնի կառավարման խորհրդի նախագահ Սարգիս Արզումանյանը
- Գուցե այսօր «Գոյ» թատրոնի դուռն էլ բացվի. Սարգիս Արզումանյանը՝ Սունդուկյան թատրոնի վերնախավին
- Պարոն Մանսուրյանին ասել եմ՝ «Գոյ» թատրոնի համար է պետք, ասել է՝ խնդիր չէ, կստորագրեմ. Սամվել Թոփալյան
- Ի աջակցություն «Գոյ» թատրոնի՝ առաջարկվում է մեկ ամիս պարալիզացնել թատրոնների գործունեությունը
- Վաղը «Գոյ» թատրոնի անձնակազմը փորձելու է մուտք գործել իր տարածք Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոնի մուտքով
- «Գոյ» թատրոնն իր բողոքը կհնչեցնի «Արտավազդ» մրցանակաբաշխության շրջանակում՝ բեմից
- «Գոյ» թատրոնի նախկին աշխատողներին կոչ ենք անում զերծ մնալ Սունդուկյանի ղեկավար կազմիբարի համբավն ստվերող գործողություններից
- Մեր վրա ճնշում են գործադրում. «Գոյ» թատրոնի ռեժիսոր
- Չենք կարողանում մտնել թատրոն. «Գոյ» թատրոնի դերասան
- «Գոյ» թատրոնը դիմել է ՄԻՊ-ին
- «Գոյ» թատրոն. Փետրվարի ներկայացումները անժամկետ դադարեցվել են կառավարության որոշումից բխած ապօրինությունների պատճառով