Կաթի փոշի արտադրող ընկերությունը բյուջե չէր վճարել 100 մլն դրամ
Քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության հինգերորդ վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված գործողություններով պարզվել են ընկերության գործունեությամբ պետությանը պատճառված վնասի մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ վնասի չափը, ինչպես նաև՝ հափշտակության մեխանիզմը:
ՔԿ-ից մանրամասնում են, որ ՀՀ քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությամբ պարզվել, որ կաթնամթերքի արտադրության, կաթի փոշու ներմուծման և մեծածախ վաճառքի գործունեությամբ զբաղվող ՍՊ ընկերության կողմից պետբյուջե չեն վճարվել առանձնապես խոշոր չափերով հարկեր։
Քրեական վարույթի նախաքննության ընթացքում ՀՀ ազգային անվտանգության ծառայության և ՀՀ ՊԵԿ օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցների հետ համատեղ ձեռնարկված միջոցառումների, ինչպես նաև կատարված մի շարք ապացուցողական ու վարութային գործողությունների արդյունքում փաստվել է, որ ընկերության կողմից թերհայտարարագրվել է իրացման շրջանառությունը, հարկային մարմին ներկայացված հաշվարկ-հաշվետվություններում մտցվել են շրջանառության իրական ծավալներին չհամապատասխանող խեղաթյուրված տվյալներ, որի արդյունքում պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերով՝ 304.000.000 ՀՀ դրամի վնաս։
Նախաքննության ընթացքում ձեռք բերված փաստերի հիման վրա որոշումներ են կայացվել՝ ընկերության հիմնադիր-տնօրենի և հարկային մարմնի հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգի առցանց լիազոր և օգտվող հանդիսացող, ընկերությունում գանձապահի պաշտոնը զբաղեցնող անձի նկատմամբ, ՀՀ քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին:
Ընկերության հիմնադիր-տնօրենի նկատմամբ, դատարանի որոշմամբ, որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը։
Նախաքննության ընթացքում ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա նշված ՍՊ ընկերության կողմից հարկային մարմին են ներկայացվել ճշտված հարկային հաշվարկներ, որի արդյունքում արդեն իսկ պետական բյուջե է վերականգնվել 100.000.000 ՀՀ դրամ։
Նախաքննությունը շարունակվում է։ Պետությանը պատճառված վնասի վերջնական չափը հստակեցնելու ուղղությամբ կատարվում են վարույթից բխող անհրաժեշտ ապացուցողական և վարութային գործողություններ։
Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լրահոս
Տեսանյութեր
Քյարամյանն ափսոսանք է հայտնում ԱԺ-ում իր և Հովիկ Աղազարյանի միջև տեղի ունեցած միջադեպի համար