Սեպտեմբեր ամսվա ցուցանիշներով ՀՀ տնտեսության կառուցվածքը շարունակում է վատթարանալ. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ
«ԼՈՒՅՍ» հիմնադրամը վերլուծել է ՀՀ տնտեսության սոցիալ-տնտեսական զարգացումները 2024թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին։
• Տնտեսական ակտիվության աճի տեմպը հունվար-սեպտեմբերին շարունակել է դանդաղել` հունվար-օգոստոսի համեմատ ցածր լինելով 0.3 տոկոսային կետով: Սեպտեմբերին ՏԱՑ-ը փոքր-ինչ արագացել է, սակայն բավական ցածր է մնում տարեսկզբի աճերից, քանի որ բարձր աճ ապահովող գործոններն աստիճանաբար չեզոքանում են։ Ավելին, քանի որ ոսկերչական արտադրատեսակների վերաարտահանման գործընթացը սկսվել էր նախորդ տարվա վերջին ամիսներին և մեծացրել այդ ժամանակահատվածի ցուցանիշները` ընթացիկ տարվա վերջում բարձր բազայի էֆեկտի հետևանքով կնկատվի աճի տեմպերի էական դանդաղում։
• Տնտեսության կառուցվածքը վատթարանում է: Ինչպես արդյունաբերության, այնպես էլ արտահանման կառուցվածքում բարձր աճ ապահովող գործոնը ոսկերչական արտադրատեսակներն են։ Մյուս ենթաճյուղերում գրանցվում են բավական ցածր աճեր կամ անկումներ, ինչը բնականաբար բացասական երևույթ է և կարող է տնտեսությունում առաջացնել երկարաժամկետ խնդիրներ։ Առանց ոսկերչական գործունեության («թանկարժեք և կիսաթանկարժեք քարեր, թանկարժեք մետաղներ և դրանցից իրեր» ապրանքախմբի) ընդհանուր արտահանման անկումը կազմել է 9.5%, իսկ արդյունաբերության անկումը՝ 0.3%։
• Գնաճը շարունակում է դանդաղել՝ չնայած դրամավարկային քաղաքականության տոկոսադրույքի էական նվազմանը։ Ընթացիկ տարվա ընթացքում ՀՀ ԿԲ-ն շուրջ 1.75 տոկոսային կետով նվազեցրել է դրամավարկային քաղաքականության (ԴՎՔ) տոկոսադրույքը, սակայն նույն ժամանակահատվածում գնաճը մնացել է բավական ցածր մակարդակում, իսկ նախորդ երկու ամիսների ընթացքում շարունակել է դանդաղել։ Միևնույն ժամանակ, վերջին ամիսներին պետական պարտատոմսերի տոկոսադրույքները փոքր-ինչ աճել են՝ որոշակիորեն շեղվելով սովորաբար նկատվող ԴՎՔ տոկոսադրույքի հետ նույն ուղղությամբ շարժի միտումից։
• Պետական բյուջեի ցուցանիշներն էականորեն թերակատարվել են: 2024թ. հունվար-սեպտեմբերին պետական բյուջեի պլանի համեմատ հարկային եկամուտները թերակատարվել են 148.6, իսկ ծախսերը 224.7 մլրդ դրամով։ Ընդ որում, շուրջ 66.4 մլրդ դրամով (շուրջ 18.0%-ով) թերակատարվել են կապիտալ ծախսերը՝ արտացոլելով կապիտալ ծախսերի իրականացման գծով առկա չլուծված խնդիրները։
Վերլուծությունն ամբողջությամբ հասանելի է հետևյալ հղումով` https://shorturl.at/T2bi1։
Լրահոս
Տեսանյութեր
Քյարամյանն ափսոսանք է հայտնում ԱԺ-ում իր և Հովիկ Աղազարյանի միջև տեղի ունեցած միջադեպի համար