Սա «նոր նորմալն է»՝ երկիրն ընդամենը տարածք է, թատրոններն ու բուհերը` շենքեր, մենք` ընդամենը հարկատուներ. Լիլիթ Բլեյան
Երգիչ, երգահան Լիլիթ Բլեյանը գրում է.
«Ադրբեջանը քանդում է Ստեփանակերտի պատմական թաղամասերը։ Ժամանակակից աշխարհում դա ունի անուն` ուրբիցիդ։ Քաղաքային միջավայրի վերացում` բնիկ ժողովրդի հիշողության ու ինքնության հետքերի ջնջման նպատակով։ Քանդում է քաղաքները, որոնք ստեղծել է ուրիշ ժողովուրդ, որտեղ ապրել են ուրիշ մարդիկ` իրենց առանձին պատմությամբ։ Քանդում է, որ ասի` սա ընդամենը տարածք է, ու այն իմն է։
Երևանի կենտրոնում մի պուճուր տանիքի տակ 35 տարի առաջ մի խումբ մարդիկ իրենց թատրոնն էին ստեղծել։ Իրենց ձեռքերով, իրենց երևակայությամբ, իրենց կյանքի տարիների հաշվին։ Գոյը իր պստիկ, համեստ տարածության մեջ ստեղծում էր իր ուրիշ թատրոնը, իր առանձին պատմությունը։ Գոյին այսօր ասում են` քո սարքածը նշանակություն չունի, քո ապրածը նշանակություն չունի, դա տարածք է ընդամենը, ու այն պատկանում է ուրիշին` նախարարությանը։
Գոյի հետ բանակցությունները դեռ օդում են, դատարաններում գործեր կան, դեռ որևէ վերջնական պայմանավորվածություն չկա, իսկ նրանց պաստառներն արդեն պոկել են, նրանց կողպեքները փոխել են, և թատրոնն արդեն պարզապես տարածք է, որ գործում է որպես փորձատեղի` ուրիշների համար։
Երեք տարի առաջ նույնը տեղի ունեցավ Կամերային երաժշտական թատրոնի հետ։ Նրանց թատրոնը խլվեց ու տրվեց որպես փորձատեղի։ Դերասանները ցրվեցին տաբեր թատրոններով, նրանց մի մասը գնաց Գոյ, որ այսօր նորից հայտնվի դրսում։ Ու գիտե՞ք ինչ է այսօր կատարվում խլված թատրոնի շենքում։ Փորձե՞ր։ Ոչ։ Շենքը փակ է։ Այն պարզապես տարածք է, որը պատկանում է ուրիշին։
Հիշեցնե՞մ «ակադեմիական քաղաքի» նախագիծը, որի շրջանակներում բուհերի պատմական շենքերը ցանկանում են վերածել այդպիսի տարածքների` առանց պատմության, առանց հիշողության։
Սա «նոր նորմալն է». երկիրն ընդամենը տարածք է, թատրոններն ու բուհերը` ընդամենը շենքեր, իսկ մենք` ընդամենը հարկատուներ, որոնք ենթարկվում են, ու նույնիսկ չգիտեն էլ, թե իրականում ում են ենթարկվում»։
Հարակից հրապարակումներ`
- «Գոյ»-ի դերասանները կրկին գիշերել են թատրոնում, այսօր ակցիաներ կլինեն
- Երևի իրենց թվացել է՝ մեզ 6 ամիս տանել-բերելով, համաձայնել ենք. «Գոյի» կառավարման խորհրդի նախագահ
- «Գոյ» թատրոնի դերասանների վարքագիծն անհասկանալի է, մենք ունեինք պայմանավորվածություն. ԿԳՄՍ նախարար
- Ադրբեջանն ավերում է Ստեփանակերտի պատմական թաղամասը
- Երաժշտական Կամերային թատրոնը պիտի ապրի իր տանը, իր ծածկի տակ. ՀՀ վաստակավոր արտիստ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան