«Ժողովուրդ». Ռուբեն Ռուբինյանին կանչել են ՀՀ քննչական կոմիտե
«Ժողովուրդ» թերթը գրում է.
««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանին կանչել են ՀՀ քննչական կոմիտե ու հարցաքննել: Հարցաքննության առիթը եղել է ֆեյսբուք սոցիալական ցանցով օգտատեր «Ռուբեն Կասյանից» ուղարկված նամակը Ռուբեն Ռուբինյանին, որով նրան հայտնել են, որ ՔՊ գրասենյակը պայթեցրել են:
Ինչպես հայտնի է, ՀՀ քննչական կոմիտեն ՔՊ-ական պատգամավորների տան և գրասենյակների պայթյունի դեպքերով քրեական վարույթ է նախաձեռնել, և վարույթի շրջանակում կալանավորված 3 անձինք կան, որոնք չեն ընդունում առաջադրված մեղադրանքը:
Այսպիսով՝ «Ժողովուրդ» օրաթերթի ձեռքում է հայտնվել ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի հարցաքննությունը:
Քննիչի Հարցը. Ի՞նչ տեղեկություններ կարող եք հայտնել, որոնք կարող են կարևոր նշանակություն ունենալ սույն քրեական վարույթի համար:
Պատասխան. «Ռուբեն Կասյան» անունով, ամենայն հավանականությամբ կեղծ օգտատիրոջից, «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի Messenger հավելվածից ստացել եմ հաղորդագրություն, որն ինձ ուղարկվել է 2024 թվականի փետրվարի 21-ին՝ ժամը 16:06-ին: Հաղորդագրության բովանդակությունը եղել է այն, որ նշված օգտատերը, օգտագործելով հայհոյանքներ, ինձ հայտնել է, որ մեր գրասենյակը պայթեցրել են: Չեմ հիշում, թե այդ հաղորդագրությունը ես կարդացել եմ Գուրգեն Արսենյանի գրասենյակի մոտ պայթուցիկ տեղադրված լինելու մասին լուրն իմանալուց առաջ, թե հետո: Այն օրը, երբ լրատվամիջոցներից տեղեկացել եմ, որ ՔՊ գրասենյակի մոտ ռումբ է տեղադրված եղել, Ալեն Սիմոնյանից իմացել եմ նաև, որ պայթյունի մասին հաղորդագրություն է ստացել Ռոմանոս Պետրոսյանը, որից հետո հիշել եմ ինձ ուղարկված հաղորդագրության մասին: Կապվել եմ Ռոմանոս Պետրոսյանի հետ, ով հաստատել է նշված հանգամանքը, նրանից տեղեկացել եմ, որ հաղորդագրությունը ստանալու դեպքով՝ դիմել է իրավապահ մարմիներին: Նրան խնդրել եմ ինձ ուղարկված հիշյալ հաղորդագրության մասով նույնպես դիմել իրավապահ մարմիններին և այդ նպատակով ուղարկել եմ հաղորդագրության «սքրինշոթը»: Նշեմ, որ բացի հիշյալ հաղորդագրությունից, «Ռուբեն Կասյան» օգտատիրոջ հետ որևէ տեսակի հաղորդակցություն չեմ ունեցել, տեղյակ չեմ, թե ով է այդ էջի փաստացի օգտատերը:
Մանրամասները թերթի այսօրվա համարում։