ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ ԻՋԵՎԱՆԻՑ. ԱԺ նախկին պատգամավոր, ՀՅԴ անդամ Սուրեն Մանուկյանի գործով դատական նիստը
Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Իջևան քաղաքի նստավայրում այսօր շարունակվում է ԱԺ նախկին պատգամավոր, ՀՅԴ անդամ Սուրեն Մանուկյանի գործով հերթական դատական նիստը։ Ավելի քան երկու տարի Մանուկյանը գտնվում է անազատության մեջ։
Panorama.am-ի հետ զրույցում Մանուկյանի պաշտպան Սերգեյ Ոսկանյանը նշեց, որ վարույթը ապացույցների հետազոտման փուլում է, հնարավոր է՝ այսօրվա նիստում ներկայացվի խափանման միջոցը փոխելու միջնորդություն, քանի որ կալանքի ժամկետը լրանում է նոյեմբերի 11-ին։
«Եթե մինչև նոյեմբերի 11-ը նիստ չնշանակվի, ապա հենց այսօր էլ կքննարկվի խափանման միջոցի հարցը։ Քիչ հավանական է, որ մինչ այդ նիստ կլինի»,-ասաց Ոսկանյանը։
Դատական նիստի մեկնարկին հայտարարվեց, որ Ս. Ոսկանյանը հայտնել է՝ մի քիչ կուշանա։ Կողմերը չառարկեցին, որ նիստը շարունակվի մինչև նրա գալը ու այլ մասնակիցների բացակայության պայմաններում, քանի որ պատշաճ ծանուցում է եղել։
Այժմ դատարանը քննում է գործով մեկ այլ կալանավորվածի՝ Թ. Պողոսյանի նկատմամբ խափանման միջոցի փոփոխության հարցը։ Մեղադրող կողմը պնդեց, որ Պողոսյանը պետք է մնա կալանքի տակ, պաշտպանը հակադարձեց՝ անհիմն է իր պաշտպանյալի նկատամամբ կալանքի ժամկետը երկարացնելը, առաջարկեց խափանման միջոց կալանքը փոխարինել տնային կալանքով։
Հիշեցնենք, որ ՀՅԴ անդամ Սուրեն Մանուկյանն ու Իջևան քաղաքի ևս մեկ բնակիչ՝ Արմեն Քամալյանը, կալանավորվել են 2022թ, օգոստոսի 15-ին «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանի 83-ամյա հորը՝ Գրիշա Քոքոբելյանին առևանգելու համար։
Մանուկյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը՝ այն որակելով քաղաքական հետապնդում, մտացածին, շինծու գործ։
Հարակից հրապարակումներ`
- Քոքոբելյանի հորն անվնաս վերադարձնելու դիմաց գումար են պահանջել․ Ոստիկանություն
- Հորս առևանգման փաստով քիչ առաջ ձերբակալվեց ՀՅԴ ԳՄ անդամ Սուրեն Մանուկյանը․ Խաչատուր Քոքոբելյան