Փաշինյանը բարձրաձայնում է այն, ինչ մարսվելու է հանրային գիտակցության «աղեստամոքսային համակարգում». Քաղաքական մեկնաբան
«Պետության ընկալումը՝ «որպես հաց վաստակելու գործիք», Նիկոլ Փաշինյանի «մատուցած բանաձևը» պրակտիկայում ցավոք նոր չէ»,-այսպես է արձագանքել քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի՝ ԱԺ-ում բյուջեի նախագծի ներկայացման ժամանակ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը։
Նրա խոսքով, պարզապես, Փաշինյանը, ելնելով մի շարք սուբյեկտիվ հանգամանքներից, իրեն թույլ է տալիս օգտագործել այն տեղեկատվա-քարոզչական նկատառումով:
«Գործնականում, «բանաձևը» եղել է նաև մինչև 2018 թվականը կառավարած համակարգի հիմքում, դե ֆակտո: Պետական կենսագործունեությունը ծառայել է ընդամենը «հաց վաստակելու» կամ «տուն պահելու» տրամաբանությանը, ոչ ավելի:
Այո, Հայաստանում գործնականում բոլոր մակարդակներում գերակայող վերնախավերը՝ թե պաշտոնյաներ, թե հասարակական-քաղաքական տարբեր դերակատարներ, առաջնորդողը եղել է «տուն պահելու» փիլիսոփայությունը: Այդ ամենն արվել է բարձրագոչ ու պաթետիկ ձևակերպումների ներքո, բայց դրանից չի փոխվել բուն իրողությունը:
Դա է եղել հայկական էլիտաների մտածողության ու հոգեբանության տրամաչափը:
Չլիներ այդպես՝ իրավիճակը չէր հասնի 2018-ի:
Այդ փիլիսոփայությունն այժմ պարզապես դարձել է առավել ցինիկ ու անկաշկանդ, առավել բաց: Եվ պատճառն այն է, որ «բանաձևը» շատ վաղուց խորությամբ նստած է հանրային հոգեբանության և մտածողության մեջ: Եվ, որքան էլ ցավալի լինի խոստովանելը, հանրությունը հենց այդպես էլ ընկալում է պետության ու պետականության գաղափարը:
Փաշինյանը դա հիանալի զգալով ու գիտենալով է, որ բարձրաձայնում է «բանաձևը»:
Ընդհանրապես, ըստ իս թյուրըմբռնում է մտածել, թե նա բարձրաձայնում է հանրայնորեն ոչ պոպուլյար գնահատականներ ու մտքեր:
Նա բարձրաձայնում է այն, ինչ համոզված է, որ մարսվելու է հանրային գիտակցության «աղեստամոքսային համակարգում»:
Դրա համար եմ նշում, որ Հայաստանում պետք է փոխվի այդ համակարգը, որպեսզի փոխվի իշխանություն և կառավարման համակարգ, եթե խոսում ենք Հայաստանի ներսից փոփոխության մասին»,-գրել է մեկնաբանը։
Լրահոս
Տեսանյութեր
Ապագայում կհաջողվի համաձայնության գալ մեկ-երկու կետերի շուրջ ու պայմանագիրը պատրաստ կլինի ստորագրման