Ինչո՞ւ է մեր կառավարությունը հակված ավելի թանկ պարտքեր վերցնելու. Դավիթ Անանյան
«2025 թվականի պետական բյուջեի նախագծով ՀՀ ֆինանսների նախարարությանը, «Պետական պարտքի կառավարում» ծրագրի իրականացման ներքո կառավարության պարտքի սպասարկման համար հատկացվել է շուրջ 394 մլրդ դրամ՝ նախորդ տարվա 323 մլրդ դրամի համեմատությամբ շուրջ 71 մլրդ դրամ գումարով ավելի»,-անդրադառնալով հաջորդ տարվա բյուջեի նախագծում ներառված թվերին՝ գրում է ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը։
Նրա խոսքով, 2024 թվականի ավարտին կանխատեսվում է, որ կառավարության պարտքը կկազմի 5,033.3 մլրդ դրամ, այսինքն՝ 2024 թվականի ընթացքում կառավարության պարտքի աճը կկազմի 461 մլրդ դրամ՝ հիմնականում ներքին պարտքի հաշվին։
«Հատկանշական է, վերջին երեք տարիներին (2022/2024թթ․ ընթացքում) պետական (կառավարության) պարտքը աճել է 1,063․3 մլրդ դրամով՝ հիմնականում ներքին պարտքի բեռի ավելացման հաշվին։ Ակնհայտորեն, ներքին պարտքը (պետական փոխառությունները) հակված են լինել ավելի թանկ, քան արտաքին փոխառությունները, ուստի հանրային ֆինանսների կառավարման արդյունավետության գնահատման տեսանկյունից բնական հարց է առաջանում՝ ինչո՞ւ է մեր կառավարությունը հակված ավելի թանկ պարտքեր վերցնելու։
Մյուս կողմից, միանգամայն հնարավոր է, որ մեր երկրի իրական (դե ֆակտո) վարկունակության վարկանիշն այնքան ցածր է, որ միջազգային ֆինանսական կառույցներն ու օտարերկրյա ներդրողները տնտեսական ու քաղաքական խելամտության կանոններով ցանկություն չունեն ընդունելի պայմաններով մեր երկրին փոխառություններ տրամադրել։
Այսպիսի իրավիճակը հիմնավոր կասկածի տակ է դնում ընթացիկ հանրային ֆինանսների կառավարման ռազմավարության կայունությունը և մտորումներ առաջացնում․ արդյո՞ք մենք չենք հատել այն սահմանագիծը, երբ տնտեսության կառուցվածքային արմատական փոփոխություններ կատարելու և տնտեսական քաղաքականության խորքային վերանայման անհրաժեշտության գիտակցումը՝ առանց քաղաքական ռեֆորմացիաների և արտաքին անվտանգության հետ կապված խնդիրների կարգավորման, բավարար է միջազգային հարթակներում երկրի վստահելիությունը բարձրացնելու համար»,-գրում է նա։
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան