Դիլիջանում ավտոտնակ են պայթեցրել
Այսօր՝ հոկտեմբերի 30-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում:
Shamshyan. com-ի փոխանցմամբ, Ժամը 01:10-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստկանության Տավուշի մարզային վարչությունում և ոստիկանության Դիլիջանի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Դիլիջան քաղաքի Կամոյի փողոցի 2-րդ նրբանցքում պայթյուն և փլուզում է տեղի ունեցել:
Դեպքի վայր ժամանած իրավապահ մարմինների աշխատակիցներին Կամոյի փողոցի 2-րդ նրբանցքի թիվ 26 տան բնակիչ 65-ամյա Հրայր Բ.-ն հայտնել է, որ ժամը 00:25-ի սահմաններում պայթյունի ձայն է լսել և մոտենալով նկատել է, որ իրեն պատկանող քարե ավտոտնակը պայթեցրել են, ինչի հետևանքով տեղի է ունեցել փլուզում և վնասվել է նաև ավտոտնակում կայանված ռուսական համարանիշներով «ՎԱԶ 21010» մակնիշի ավտոմեքենան:
Դեպքի մասին ոստիկանության Դիլիջանի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Դիլիջանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը։
Տարածքը սահմանազատել են պարեկներ Ժորա Զանդյանն ու Կոստյա Էլլարյանը:Դեպքի փաստով Դիլիջանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: Մինչ քննիչն ու փորձաքրեագետը աշխատում էին դեպքի վայրում, ոստիկանության Տավուշի մարզային վարչությունում և ոստիկանության Դիլիջանի բաժնում հերթական օպերատիվ տեղեկութուններն են ստացվում, թե ով է ենթադրյալ կասկածյալը:
Ոստիկաններն ու պարեկները մեկնում են կասկածյալի բնակության հասցե և կարողանում են նրան վնասազերծել ու բերման ենթարկել ոստիկանության Դիլիջանի բաժին: Կասկածյալը Դիլիջանի բնակիչ 56-ամյա Արամ Կ.-ն է, ով այնուհետև ոստիկանության Դիլիջանի բաժնից ներկայացվում է Դիլիջանի քննչական բաժին:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ տուժածը ոստիկաններին և քննիչներին հայտնել է, որ իրեն պատճառվել է մոտ 3 միլիոն դրամի վնաս, ավտոմեքենան էլ իր որդու սեփականությունն է: