«Ժողովուրդ». ՔՊ-ում մի մեծ խումբ դժգոհ է Անդրանիկ Քոչարյանից. Փաշինյանը կորոշի իջեցնե՞լ ամպերից խարդավանքների սիրահար Քոչարյանին
«Ժողովուրդ» թերթը գրում է.
««Ազատություն»-ը, երեկ հղում անելով իր աղբյուրներին, հայտնեց՝ ՔՊ-ում Անդրանիկ Քոչարյանին ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից հեռացնելու հարց է բարձրացվել:
Թեև ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը հերքեց տեղեկությունը, բայց հստակ է՝ ՔՊ-ում մի մեծ խումբ դժգոհ է Անդրանիկ Քոչարյանից, քանի որ վերջինս մշտապես ՔՊ-ում փորձել է իր թիմը ձևավորել, խարդավանքներ է հյուսել, չենթարկվողների նկատմամբ պատժամիջոցներ կիրառել, ինչի պատճառով իշխանական մի խումբ պատգամավորներ, մեղմ ասած, ատում են Քոչարյանին:
Իշխող թիմում հարաբերությունները սրվել են հատկապես Անդրանիկ Քոչարյանի նախաձեռնած՝ հանցավորության իրավիճակի մասով լսումներից և արդարադատության նախարարի թեկնածուների հետ կապված խոսակցություններից հետո:
Բանն այն է, որ Անդրանիկ Քոչարյանը հրապարակավ դժգոհել է, որ հոկտեմբերի 15-ին իր իսկ նախաձեռնած լսումներին ՔՊ 71 պատգամավորներից միայն մի քանիսն են ներկա եղել, ու մեղադրել է իշխանական պատգամավորներին, թե արհամարհական վերաբերմունք են իր նկատմամբ ցույց տվել: Նաև Նիկոլ Փաշինյանին է այդ անտարբերության մասին լուրեր հասցրել, որպեսզի նա «թիմի վրա բարկանա»:
Քոչարյանը կոպիտ ձևով դժգոհել է իր թիմակիցներից, ինչն էլ շատերին վիրավորել է: Պատճառներից մեկն էլ կապված է արդարադատության նախարարի թեկնածուների հետ:
«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ Անդրանիկ Քոչարյանն ամեն գնով իր թեկնածուներին՝ Արփի Դավոյանին և Արմեն Խաչատրյանին է փորձել նախարար դարձնել, սակայն վարչությունը մերժել է, իսկ մյուս պատգամավորների առաջարկած թեկնածուները Քոչարյանի սրտով չեն եղել:
Հայտնել էինք նաև, որ ՔՊ խմբակցության պատգամավոր Հրաչ Հակոբյանն էլ իր ընկերոջ՝ Սիսակ Գաբրիելյանի թեկնածությունն է առաջարկել, ինչը, սակայն, ՔՊ վարչությունը չի էլ քննարկել:
Շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ Քոչարյանը վատ է արտահայտվել Սիսակ Գաբրիելյանի թեկնածության վերաբերյալ, ինչը վրդովվեցրել է Հրաչ Հակոբյանին ու Սիսակ Գաբրիելյանին: Վերջիններս էլ Քոչարյանի պաշտոնանկության հարցն են թիմում բարձրացրել, ինչը ՔՊ խմբակցության պատգամավորների մեծ մասի սրտով է եղել, բայց չեն համարձակվել մինչ այդ խոսել դրա մասին:
ՔՊ-ական մեր աղբյուրները նաև փոխանցեցին, որ այս ամենն ընդամենը խոսակցությունների մակարդակի է դեռ, շատ հնարավոր է՝ ոչինչ էլ չնախաձեռնվի, և Անդրանիկ Քոչարյանն էլի հաղթի:
Ի վերջո, որոշումը մեկ մարդունը պիտի լինի՝ Նիկոլ Փաշինյանինը, որը կորոշի իջեցնե՞լ ամպերից խարդավանքների սիրահար Անդրանիկ Քոչարյանին, թե՞ հանդուրժել նրա վերելքը՝ դեպի ազդեցիկ իշխանություն»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան