Իսպանիայում եռօրյա սուգ է հայտարարվել
Իսպանիայի կառավարությունը եռօրյա պաշտոնական սուգ է հայտարարել հորդառատ անձրևների և ջրհեղեղների զոհերի կապակցությամբ․ զոհվել է առնվազն 72 մարդ, մի քանիսն անհետ կորել են։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Իսպանիայի տարածքային քաղաքականության նախարար Անխել Վիկտոր Տորեսի խոսքերը մամուլի ասուլիսից։
«Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը խոսել է Նորին Մեծություն թագավորի հետ և նրան պաշտոնական եռօրյա սգո հրամանագիր է տվել՝ հոկտեմբերի 31-ին, նոյեմբերի 1-ին և 2-ին»,- ասել է նա մամուլի ասուլիսում։
Նախարարը ափսոսանք է հայտնել, որ չի կարող պաշտոնական տվյալներ տրամադրել անհայտ կորածների ստույգ թվի մասին, սակայն վստահեցրել է, որ Մադրիդը կաշխատի տարածաշրջանային կառավարությունների հետ՝ հնարավորինս արագ օգնելու տուժածներին։ Նրա խոսքով՝ նյութական վնասը եղել է «շատ զգալի», թեև երկրի համար ամենածանրը մարդկային կորուստներն են։
Նա նաև վստահեցրել է, որ Նախարարների խորհրդի հաջորդ նիստում փոթորիկի հետևանքով տուժած տարածքները կհայտարարվեն որպես «աղետի գոտիներ»։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Իսպանիայի Վալենսիա ինքնավար համայնքում զոհերի թիվը հասել է 70-ի, իսկ Կաստիլիա-Լա Մանչա ինքնավար համայնքում՝ երկուսի։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան