Միջոցառում ՝ նվիրված «Սասունցի Դավիթ» արձանի տեղադրման 65-րդ ամյակին
Այս տարի լրանում է հայ նշանավոր նկարիչ-արձանագործ, «Սասունցի Դավիթ» արձանի հեղինակ Երվանդ Քոչարի ծննդյան 125-ամյակը: Տարին կրկնակի հոբելյանական է, քանի որ լրանում է նաև արձանի տեղադրման 65-րդ տարին, ինչի կապակցությամբ նախատեսվում է արդի մոտեցումներով և համարժեք շուքով նշել այդ իրադարձությունը։
Նոյեմբերի 2-ին՝ ժամը 18.00 – 20.00 -ի ժամանակահատվածում, մաէստրոյի հեղինակած «Սասունցի Դավիթ» արձանի հարակից տարածքում կիրականացվի 3 մասից բաղկացած միջոցառում։
Կներկայացվի արձանի ստեղծման ստեղծագործական պատմությունը՝ ըստ Մաէստրո Քոչարի թողած գրառումների: Միջոցառման համերգային հատվածը կապահովի «Թմբաթա» նվագախումբը։
Երեկոն կամփոփվի Սասունցի Դավիթ արձանի վրա իրականացվելիք 2 ցուցադրանքներով:
Թվով առաջին անիմացիոն, լուսային ցուցադրանքը ուղեկցվելու է սցենարային մշակմամբ, նորարարական և այլ էֆեկտներով, ձայնային ձևավորումներով, իսկ ահա երկրորդը՝ կիրականացվի Սասունցի Դավիթ արձանի պատվանդանի վրա՝ հիմնված արձանի ստեղծումը ներկայացնող լուսանկարների, խրոնիկ կադրերի, Քոչարի կենդանի ձայնի վրա և որը նշանավորում է նաև արվեստագետի ծննդյան 125-ամյակը:
Միջոցառումն ուղղված է նաև ոչ նյութական մշակութային ժառանգության հանրահռչակմանն, այն իրականացնում է Երվանդ Քոչարի թանգարանը՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից հատկացված դրամաշնորհով: