Մեր կողմից փոխզիջման առաջարկի հերն անիծեցիք. Արարատ Միրզոյանն՝ ընդդիմադիր պատգամավորին
«Ես չեմ կարող առանձին կտորներ հանրայնացնել։ Մեր բանակցություններում բազմաթիվ հարցեր կան, որոնք կողմերից որևէ մեկը բարձրացնում է և պարտադիր չէ մի կողմից բարձրացնելու դեպքում մյուս կողմն անպայման դրական արձագանքի»,- ԱԺ-ում 2025 թվականի բյուջեի նախագծի քննարկմանն ասաց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանի հարցին՝ «խաղաղության պայմանագրի» քննարկման շրջանակներում արդյո՞ք համաձայնեցվել կամ քննարկվում է Հայաստանի՝ Ադրբեջանի դեմ միջազգային դատարանների հայցերից հրաժարվելը։
Նա նշեք, որ հայկական կողմն էլ ունի հարցեր, որոնք բարձրացնում է, Ադրբեջանն էլ ունի. «Մեր հարցերի մի մասի հետ իրենք համաձայն չեն, իրենց հարցերի մի մասի հետ մենք համաձայն չենք։ Դա կոչվում է բանակցություն»։
«Ինչի շուրջ հնարավոր է լինում համաձայնության գալ, դա ստանում է կոնկրետ դրսևորում»,-ասաց Միրզոյանը։
Աննա Գրիգորյանը նշեց, որ միջազգային ատյաններից հայցերի հետ քաշումը հայ ժողովրդի համար էական նշանակություն ունի։
«Հիմնավոր փաստեր կան, որոնցով իսկապես կարող ենք պատասխանատվության ենթարկել Ադրբեջանին ու ադրբեջանական ռազմաքաղաքական էլիտային։
Ես ձեր խոսքի ենթատեքստից հասկացա, որ իրենք այդ պահանջը դնում են ու դուք ասում եք՝ պարտադիր չէ, որ համաձայնած լինենք դրան։ Մեր խնդիրն է հասկանալ՝ սկզբունքային անհամաձայնություն ունե՞ք այդ կետի շուրջ, թե՞ չունեք։
Մեզ համար սկզբունքային է հասկանալ, թե որոնք ենք այն կետերը, որոնց շուրջ պայմանավորվածություն ձեռք չի բերվում։ Երբ ասում եք՝ դե կբանակցենք, այդ երկու ձևակերպումներն էլ կհարթենք, կստորագրենք, նշանակում է՝ հերթական զիջմանն եք դո՞ւք գնալու։ Մեզ համար խնդիրը դա է՝ հասկանալ, թե մեզ նորից ի՞նչ զիջում է սպասվում։
Եթե ակնկալում եք զիջում Ադրբեջանից, բացատրեք, թե ինչ զիջում եք ակնկալում Ադրբեջանից»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը։
Միրզոյանը պատասխանեց. «Ձեր ընկալումը կամ մեկնաբանությունն իմ ասածի, կարող է լինել տեսականորեն ճիշտ, կարող է լինել սխալ։
Ասում է՝ էլ ի՞նչ ենք զիջում։ Դուք մի օր ասում եք՝ զիջեցին էս, հետո եղավ-չեղավ, կարևոր չէ, հիմա էլ եկել ու ասում եք՝ էլ ի՞նչն եք զիջում։ Որ շատ խնդրեմ՝ կարո՞ղ եք ասել, թե ինչն ենք զիջել։ Մեր կողմից փոխզիջման մի առաջարկ կար, երբ դեռ Ղարաբաղում հայություն կար, իրենց ընտրված մարմիններ ունեին, ձեր ներկայացրած քաղաքական ուժի եռանդուն ջանքերով այդ առաջարկի հերն անիծեցիք, և այսօր ունենք այն, ինչ ունենք։
Երբ որ փոխզիջման մասին խոսք կար, մենք փոխզիջման կողմնակից էինք, դուք արեցիք ամեն ինչ, որ այդ փոխիզջումը լինի ոչ ևս։ Այսօր ունենք այն, ինչ ունենք»։
Հարակից հրապարակումներ`
- Հայոց ցեղասպանnւթյան միջազգային ճանաչումը մեր թիվ մեկ առաջնահերթությունը չէ. Միրզոյան
- Չենք բացառում մեր մասնակցությունը COP-29-ին. Միրզոյան
- ՌԴ հետ արտաքին քաղաքական որոշ հարցերում կան տարակարծությունները. Արարատ Միրզոյան
- Ապագայում մեզ կհաջողվի համաձայնության գալ մեկ-երկու ձևակերպումների շուրջ ու պայմանագիրը պատրաստ կլինի ստորագրման. Միրզոյան
- Առանց քաղաքական գործընթացների՝ հնարավոր չէ արցախցիների մասսայական վերադարձը. Սահակյան
- Հայաստանի՝ Բաքվում կայանալիք COP29-ին չմասնակցելը որևէ արդարացում չի կարող ունենալ. Սիրանուշ Սահակյան
- Միայն իրավական հարթակում ենք կարողացել ցավացնել Ադրբեջանին. Սիրանուշ Սահակյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան