Շվեյցարական բանկը Իվանիշվիլիին կվճարի 282 մլն դոլար պակաս
Սինգապուրի դատարանը նվազեցրել է այն գումարի չափը, որը Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր և պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլին պետք է ստանա շվեյցարական բանկից՝ որպես վնասի փոխհատուցում։ Այս մասին գրում է Aliq.ge-ն՝ հղում անելով Bloomberg-ին։
Շվեյցարական UBS խումբը միլիարդատեր գործարար Իվանիշվիլիին պետք է վճարի Սինգապուրի դատարանի ի սկզբանե պարտադրածից 282 միլիոն դոլար պակաս։
Սրա մասին հայտնի է դարձել նաև UBS խմբի հայտարարությունից։
Սինգապուրի դատարանի նախնական որոշմամբ՝ Վրաստանի նախկին վարչապետ, «Վրացական երազանք»-ի պատվավոր նախագահը շվեյցարական բանկից պետք է ստանար 743 մլն դոլար։ Այժմ այդ գումարը նվազել է՝ հասնելով 461 մլն դոլարի։
Իվանիշվիլին այս թեմայով խոսել է հոկտեմբերի 21-ին «Իմեդի» հեռուստաընկերությամբ հեռարձակված հարցազրույցում։ Նրա խոսքով, փոխհատուցման չափը պետք է որոշվեր երկու կողմերի փորձագետների ներգրավմամբ, ինչը երկու ժամվա հարց էր, թեև Credit Suisse-ի փորձագետն այս գործով երկու ամիս է ծախսել, և սեպտեմբերի 30-ին դատարանը վերջապես վճիռ է կայացրել։
Նշենք, որ Իվանիշվիլին «գողացված փողերի վերադարձի համար» վեճը սկսել է 2016 թվականին։ 2015 թվականին պարզվել էր, որ Իվանիշվիլիի անձնական բանկիր Պատրիս Լեսկոդերոնը գողանում էր շվեյցարական Credit Suisse բանկում ավանդադրված գումարը։
Լեսկոդերոնը, որ 2018 թվականին դատապարտվել էր խարդախության համար և ազատ էր արձակվել երկու տարվա նախնական կալանքից հետո, ինքնասպան է եղել 2020 թվականին։
Ֆինանսական խնդիրների, այդ թվում՝ Իվանիշվիլիի հետ շարունակվող վեճերի պատճառով 2023 թվականին Credit Suisse-ը գնեց Շվեյցարիայի խոշորագույն բանկը՝ UBS-ը։ Այժմ նրանք շարունակում են վեճը Իվանիշվիլիի հետ։
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան