Արմինե Օհանյան. Ոչ թե ներդրումները հոսեցին դեպի Հայաստան, այլ Հայաստանի պետական պարտքը կրկնապատկվեց
«Կարելի է 24 ժամ միալար թվարկել բոլոր այն խոստումները, որոնք տվել են 2018-ին իշխանության եկած անձինք, և որոնք, իրենցից կախված կամ չկախված պատճառներով՝ չեն կատարել: Կարող ենք ավելի հետ գնալ և հիշել, թե նախկին իշխանություններին ինչում էին մեղադրում ընդդիմադիր ՔՊ-ի և «Ելք» դաշինքի լիդերները, և ինչպես են այժմ այդ բոլորը` մի բան էլ ճոխացրած, իրականացնում իրենք: Ինչպես էին խոստանում ազատել հանրությանը տուգանքներից ու ավելորդ ֆինանսական բեռից, հիմա կրկնապատկել-եռապատկել են այդ բեռը»,-գրում է «Հրապարակ»-ի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը։
Նա շարունակում է.
«Ինչպես էին օրինակներ բերում եվրոպական զարգացած երկրներից, որոնք համեստ, ժուժկալ իշխանություններ ունեն, իսկ «պադավատապետություններ» չկան, և ինչպես դարձան մեր պատմության ամենաշռայլ վատնումներն արած, ամենից շատ թիկնապահ ու «պադավատ» պահող իշխանությունը:
Ի՜նչ ոսկե սարեր էին խոստանում մեզ, ինչպես էին հայտարարում, որ թավշյա, ոչ բռնի հեղափոխությունն այնպիսի մեծ վստահություն է առաջացրել ՀՀ իշխանությունների նկատմամբ, որ հիմա ներդրումները գետերով հոսելու են դեպի Հայաստան: Բայց ոչ թե ներդրումները հոսեցին դեպի Հայաստան, այլ Հայաստանի պետական պարտքը կրկնապատկվեց, իսկ դրա արդյունքում ոչ մի մնայուն արժեք չստեղծվեց՝ ոչ մի արտադրություն չհիմնվեց, միջազգային որակի ոչ մի ենթակառուցվածք չսարքվեց, իսկ աղքատությունը մեծացավ:
Ինչպես էին խոստանում ամեն ինչ համաձայնեցնել ժողովրդի հետ, ամեն հարցում խորհրդակցել հանրության հետ, հիմա մենք ադրբեջանական մամուլից ավելի շատ բան ենք իմանում իրենց որոշումների մասին, քան` իրենցից: Ինչպես էին խոստանում ինստիտուտներ կայացնել, բայց ամենադաժան կառավարման բուրգը ստեղծեցին, որտեղ ամեն ինչ մեկ մարդ է որոշում»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան