«Գոյ» թատրոնի դերասանները դուրս են եկել թատրոնի շենքից, սպասում են ԱՆ վերլուծությանը
«Գոյ» թատրոնի դերասանները երեկ երեկոյան դուրս են եկել թատրոնի շենքից։ Նրանք հոկտեմբերի 28-ին մուտք էին գործել թատրոնի տարածք, ուր նրանց մուտքն այս տարվա մարտից արգելված էր ու պահանջում էին իրենց խնդրի հրատապ լուծում, իսկ խնդիրն է՝ «թույլ տալ ստեղծագործել իրենց թատրոնի տարածքում»։
«Մենք դուրս ենք եկել, քանի որ դատախազությունից գրավոր պատասխան ունեցանք, որ գործն արդեն ընթացքի մեջ է»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց «Գոյ» թատրոնի կառավարման խորհրդի նախագահ, ռեժիսոր Սարգիս Արզումանյանը։
Նա մանրամասնեց, որ դիմում էին ներկայացրել դատախազություն՝ կոնկրետ մարդկանց քրեական պատասխանտվության ենթարկել, քանի որ ապօրինաբար պաշտոնեկան դիրքի չարաշահում է կատարվել, ապօրինաբար փաստաթղթեր են կեղծվել, որի հետևանքով «Գոյ» թատրոնը դադարել է գործունեություն ծավալել։
«Այդ արձագանքը մեզ բավարարեց, որովհետև մեր պահանջը դա էր՝ հրատապ հարցին լուծում տրվի կամ գործին ընթացք տրվի, ու մենք դա փաստաթղթով տեսնենք։ Այս պահին դա մեզ բավարարեց։ Դա գործողություններից մեկն էր»,- ասաց Ս.Արզումանյանը։
Նա նաև տեղեկացրեց, որ նախօրեին դիմում են ներկայացրել արդարադատության նախարարություն. «Մենք դիմել ենք, որպեսզի մեզ մասնագիտական վերլուծություն տրվի Վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածի մասով։ Մենք պնդում ենք, որ այդ հոդվածով մենք իրավունք ունենք ստեղծագործելու «Գոյ» թատրոնում մինչև դատարանի որոշումը։ Ասել են՝ այսօր կտան»։
Իսկ թե ինչ գործողությունների կդիմեն առաջիկայում, նրա խոսքով, կախված է արդարադատության նախարարության կողմից իրենց տրվելիք պատասխանից. «Եթե պարզվի, որ մենք աշխատելու ենք մեր թատրոնում մինչև դատարանի որոշումը, մենք կաշխատենք, դրան զուգահեռ կփորձենք հասնել մեր հարցի վերջնական լուծմանը»։
Ս.Արզումանյանն ասաց, որ ԿԳՄՍ նախարարության հետ այլևս չեն բանակցելու։
«Մենք ասել ենք մեր դիրքորոշումը, արել ենք մեր առաջարկները, գրավոր ներկայացրել ենք մեր ծրագիրը։ Այդ ամեն ինչի մասին 6 ամիս խոսել ենք, բաց տեղ չենք թողել։ Հանդիպում կլինի միայն այն դեպքում, երբ գնանք, ստորագրենք մի փաստաթուղթ, որ աշխատում ենք մեր թատրոնում»։
Հիշեցնենք՝ կառավարության որոշմամբ «Գոյ» թատրոնը միավորվել է Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնին, սակայն «Գոյ» թատրոնի դերասանական ու ստեղծագործական կազմը դեմ է այդ միավորմանը, իրենք ուզում են որպես առանձին թատրոն հանդես գալ, չեն ուզում գնալ ու աշխատել Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնում։ Նրանք միավորման վերաբերյալ կառավարության որոշումը վիճարկում են դատարանում։
Հարակից հրապարակումներ`
- Տարածքից հեռացնելու խնդիր է դրված, որը փորձում են ի կատար ածել. «Գոյ» թատրոնի դերասան
- «Գոյ»-ի դերասանները կրկին գիշերել են թատրոնում, այսօր ակցիաներ կլինեն
- Երևի իրենց թվացել է՝ մեզ 6 ամիս տանել-բերելով, համաձայնել ենք. «Գոյի» կառավարման խորհրդի նախագահ
- «Գոյ» թատրոնի դերասանների վարքագիծն անհասկանալի է, մենք ունեինք պայմանավորվածություն. ԿԳՄՍ նախարար
- «Գոյ» թատրոնի դերասանները գիշերել են հենց թատրոնում
- Ոստիկանները փորձում են մեզ թատրոնից բռնի ուժով դուրս հանել․ «Գոյ» թատրոնի դերասան
- Սունդուկյանի անվան թատրոնի տնօրենը ոստիկանների հետ մտավ «Գոյ» թատրոնի դահլիճ
- «Գոյ»-ի դերասաններից որևէ մեկը պայմանագիր չի կնքել Սունդուկյան թատրոնի հետ, սպասում են իրենց «անկախ թատրոնին»
- «Գոյ»-ի դերասանները չկարողացան մուտք գործել թատրոն, բայց ժամանակավորապես դադարեցնում են ակցիաները
- Այսօր գնում ենք, որ մեր թատրոնի մուտքից մտնենք և տեսնենք՝ արդյոք ԿԳՄՍՆ հետ բանակցությունները վստահելի են, թե ոչ. «Գոյ»
Լրահոս
Տեսանյութեր
Ժողովուրդը լրիվ անտեսված է, ամեն ինչ ի շահ իշխանության է արվում. Երևանցիները՝ տրանսպորտի մասին