Հետխորհրդային տարածքում ինստիտուցիոնալ եվրաինտեգրման գործընթացի ճակատագիրը Հարավային Կովկասում չի լուծվում. Սերգեյ Մինասյան
Արդյո՞ք կաշխատի Վրաստանի՝ ԵՄ-ին անդամակցելու հարցում Թբիլիսիում Նիկոլ Փաշինյանի խաչած մատները։ Դեպի Եվրոպա Հայաստանի ճանապարհին Վրաստանը կամուրջ կարո՞ղ է հանդիսանալ։ Հայաստանը կարողանո՞ւմ է համադրել ՌԴ-ի հետ հարաբերությունները՝ դեպի ԵՄ ակնհայտ ձգտման հետ։ Վերոնշյալ հարցերի վերաբերյալ «Panorama-հարցազրույցներ»-ի տաղավարում իր կարծիքն է հայտնել Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն, Ռումինիայում ՀՀ նախկին դեսպան Սերգեյ Մինասյանը։
Հարցազրույցում հնչեցված հիմնական թեզերի երկրորդ մասը՝ ստորև.
▪Հայաստանի դեպքում հասկանալի է, որ մի բան է որոշ հայտարարություներ, որոնք ունեն կոնկրետ հասցեատերեր և ուղղված են կոնկրետ մայրաքաղաքներին, բայց ընհանուր ռազմավարությունը ես չեմ կարծում, որ փոխվել է։ Այն արտացոլվում էր այն հանգամանքով, որ Հայաստանի ղեկավարն այն 37 երկրների կազմում էր, որոնք Կազանում մասնակցում էին ԲՐԻԿՍ-ի միջոցառմանը։
▪Դրա հետ միասին Հայաստանը ԵՄ-ի հետ վարում է բավականին ամբիցիոզ պրոցես, որն ունի նաև որոշակի անվտանգային բաղադրիչ, այն է՝ եվրոպական դիտորդների առաքելությունը՝ ինչպես Վրաստանում։ Բայց Վրաստանի վերնախավը շատ լավ հասկանում է, որ խոսքը չի գնում այս պահին ԵՄ-ին անդամակցության մասին՝ նույնիսկ այն դեպքում, երբ Վրաստանը անցած տարվա դեկտեմբերին ստացել է այդ կարգավիճակը։
▪Հետխորհրդային տարածքում ինստիտուցիոնալ եվրաինտեգրման գործընթացի ճակատագիրը չի լուծվում Հարավային Կովկասում, այդ հարցը լուծվում է Ուկրաինայի ռազմաճակատում և դեռ պարզ չէ, թե ինչով այն կավարտվի։
▪Մոտակա շրջանում Վրաստանը ոչ միայն «3+3», այլև Ռուսաստանի հետ հարաբերություններում բավականին զգուշավոր քայլեր կփորձի անել, նույնիսկ կարող են Արևմտյան մայրաքաղաքներում կասկածի տեղիք տան Վրաստանի, այսպես կոչված, արևմտյան և եվրոպական լոյալության տեսանկյունից
▪Հայաստանի եվրաինտեգրման գործընթացի ինստիտուցիոնալ ձևակերպումը նաև կառուցվածքային տեսանկյունից հնարավոր չէ, եթե Վրաստանը չմասնակցի այս գործընթացին։ Բայց, ցավոք սրտի, մենք պետք է խոստովանենք, որ նաև Վրաստանի համար այդ գործընթացը, մեղմ ասած, կդժվարանա, եթե դրան չմասնակցեն Ուկրաինան և Մոլդովան։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ կցված տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- Վրաստանի իշխանությունների քաղաքականությունը համեմատելի է Հայաստանի 2000-ականների վարածի հետ. Սերգեյ Մինասյան
- Սերգեյ Մինասյան. Ադրբեջանի սանձազերծած պատերազմը հանգեցրեց իսկական հումանիտար աղետի, որի հետևանքները դեռևս լուծված չեն
- Սերգեյ Մինասյան. Ադրբեջանցիները հայկական բանակի պաշտպանական դիրքերի վերաբերյալ սխալ հաշվարկ են կատարել