ԱԱԾ-ն ԿԳՄՍՆ-ին դեռ չի պարզաբանել, թե ինչու են այդպես մտել Ջոն Կիրակոսյանի անվան դպրոց
Ջոն Կիրակոսյանի անվան դպրոց 20 օր առաջ ԱԱԾ աշախատակիցների այս կերպ ներխուժումն ընդունելի չէ ԿԳՄՍ նախարարության համար։ Հենց նույն օրը նախարարությունը ԱԱԾ-ից պարզաբանում պահանջեց։
«Հանրակրթական դպրոցներից մեկում իրավապահ մարմինների իրականացրած հատուկ գործողության առնչությամբ ԿԳՄՍ նախարարությունը գրությամբ դիմել է համապատասխան մարմիններին՝ կատարված գործողությունների՝ երեխայի լավագույն շահի տեսանկյունից իրավաչափության վերաբերյալ պարզաբանում ստանալու նպատակով:
Կարևոր ենք համարում, որ երեխաների ներկայությամբ իրավապահ մարմինների կողմից իրականացվող հատուկ գործողությունները հաշվի առնեն երեխաների լավագույն շահը և հոգեբանական առանձնահատկությունները»,-նշված էր նախարարության նամակում։
Panorama.am-ն այսօր նախարարությունից հետաքրքրվեց, թե ինչ են պատասխանել ծառայությունից, ինչպես են հիմնավորել ԱԱԾ աշխատակիցների նման գործողությունները։ Պարզվեց՝ 20 օր անց դեռ ԱԱԾ-ից չեն պատասխանել նախարարության նամակին։
«ԿԳՄՍՆ-ին ԱԱԾ-ից հայտնել են, որ իրականացվում է ծառայողական քննություն»,- Panorama.am-ին հայտնեց ԿԳՄՍՆ խոսնակ Նելլի Վահանյանը՝ միաժամանակ հայտնելով, որ ԱԱԾ-ից որևէ ինֆորմացիա քննության ժամկետների մասին չեն տրամադրել։
Հարակից հրապարակումներ`
- Ժրաջան ԱԱԾ
- Երեխաները լեղապատառ են եղել ԱԱԾ աշխատակիցների գործողություններից. Մելիքյան
- Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցում կատարվածից հետո ԿԳՄՍՆ-ն դիմել է ԱԱԾ՝ պարզաբանում ստանալու նպատակով
- ԱԱԾ-ն մտել է Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 դպրոց