«Հրապարակ». «Գալիս է գողականների հարկի տակ մարդու իրավունքների բողոքները լսի». Կապանցիները ԱԺ մշտական հանձնաժողովի միջոցառման մասին
«Հրապարակ» թերթը գրում է.
«ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի հանձնաժողովը նոյեմբերի 4-5-ը նախատեսում է միջոցառում Սյունիքի Գորիս և Կապան քաղաքներում՝ համայնքների զարգացման, անվտանգության և խաղաղության, ինչպես նաև տեղի բնակչությանը հուզող այլ թեմաներով։
Միջոցառումը որոշել են անցկացնել Կապանի ծայրամասում գտնվող Grand House հյուրանոցում, սակայն տեղի ընտրությունը կապանցիների մոտ հարցեր է առաջացրել: Ոմանք տարակուսած են՝ ինչո՞ւ են միջոցառումը կազմակերպել ծայրամասում, որ շատերիս համար մասնակցելը խնդի՞ր դառնա, բացի այդ` հյուրանոցի տնօրինությունը կապեր ունի գողականների հետ։
«Գալիս է գողականների հարկի տակ մարդու իրավունքների բողոքները լսի»,- ասում են նրանք։
Կապանցիների մտահոգությունները երեկ փոխանցեցինք Ռուստամ Բաքոյանին, որն ասաց, որ ժամեր առաջ է տեղեկացել, որ այդ հյուրանոցը ծայրամասում է, և հորդորել է, որ միջոցառման վայրը փոխեն, վստահեցրեց՝ այն կանցկացվի Կապանի կենտրոնում։ Սակայն երեկ մինչ ուշ երեկո, Կապանի մեր աղբյուրների փոխանցմամբ, հանդիպման վայրի փոփոխություն դեռ չէր եղել»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում: