Հայկ Դեմոյան. Արարատ Միրզոյանի երեկվա ասածը քրեորեն հետապնդելի հերթական գործողությունն է
«Արարատ Միրզոյանը երեկ զբաղվեց պարզունակ փողոցային մանիպուլյացիայով»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր Հայկ Դեմոյանը՝ անդրադառնալով նախօրեին Ազգային ժողովում ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հայտարարություններին, մասնավորապես՝ «Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը մեր թիվ մեկ առաջնահերթությունը չէ։ Պատմության ողբերգական անցքերը, Հայոց ցեղասպանությունն ուսումնասիրելը կամ դա թիվ մեկ առաջնահերթություն դարձնելն, անշուշտ, ԱԳՆ օրակարգը չէ»։
«Իրեն հարց են տալիս Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման մասին, ինքը փորձեց դա համարել, որ առաջնահերթություն չէ։ Էժան հնարք է. հարցի մեջ չկար՝ առաջինն է, ինքը նշեց, որ առաջնահերթություն չէ օրակարգում, որպեսզի ցույց տա, որ ճիշտ բան է ասում։ Էժան մանիպուլյատիվ հնարք է։
Երկրորդ։ Իհարկե, ԱԳՆ գործառույթը հետազոտությունը չէ, դրա համար կան հետազոտական ինստիտուտներ, դրանով զբաղվում են անհատ գիտնականներ։ Երկրորդ մանիպուլյացիան հենց դա է. տարավ այդ դաշտ, որ ասի՝ մենք չենք զբաղվում դրա հետազոտությամբ։
Իսկ հանրագումարի մեջ՝ Արարատ Միրոզյանի երեկվա ասածը քրեորեն հետապնդելի հերթական գործողությունն է, ինչով հատուկ են այսօրվա իշխանության ներկայացուցիչները։ Դա կոչում է ժխտողականություն։
Հայաստանի օրենքներով ոչ միայն Արարատ Միրզոյանը, այլ ՔՊ-ական գոնե առաջին տասը «կարկառուն» դեմքերը պետք է շատ մոտ ապագայում դատապարտվեն ցմահ ազատազրկման ոչ միայն Հայոց ցեղասպանության պատմական փաստը ժխտելու, ժխտողականություն տարածելու, նաև արցախահայության ցեղասպանության գործում ունեցած իրենց գործուն մասնակցության համար։ Ոչ թե պասիվության, այլ գործուն մասնակցության»,- ասաց Հ. Դեմոյանը։
Նա նշեց, որ Արարատ Միրզոյանը 2004-2005 թվականներին եղել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ասպիրանտ-գիտաշխատող, գիտական աստիճան՝ պատմական գիտությունների թեկնածու, ստացել է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման թեմայով ատենախոսության համար։
«Ինձ այնքան չէր հետաքրքրում Արարատ Միրզոյանի երեկվա հայտարարությունները, որքան ուշադրությունս գրավեց նրա ցինիկ պահվածքը՝ հարցադրումներին պատասխանելու ոճը, մանիպուլյացիայի հնարքները»,- ասաց Հայկ Դեմոյանը։
Դիտարկմանը՝ թուրքական թեզ է, որ «պատմությունը թողնենք պատմաբաններին», իսկ Ա.Միրզոյանը երեկ ասաց՝ «պատմության ողբերգական անցքերը, Հայոց ցեղասպանությունն ուսումնասիրելը ԱԳՆ օրակարգը չէ», Դեմոյանն ասաց. «Թութակությունը լրիվ թուրքական ձեռագիր ունի։ Հաճոյանալու մեսիջները հենց այնպես չեն, ուղղված են դրսին, որ մենք պատրաստ ենք ցանկացած բանի։ Ես մտավախություն եմ հնչեցրել, որ սրանք վերանորոգման անվան տակ Հայոց ցեղասպանության թանգարանն առժամանակ կզեչոքացնեն, չի գործի, պետական արարողակարագային այցերն են ուզում վերացնել, կտեսնեք մոտ ապագայում։
Ի վերջո, դրանք թուրքական կողմի պայմաններն են, որոնք չեն հնչեցվում, անդրկուլիսյան խոսակցություններում ասվել է, սրանք էլ կատարում եմ, միայն իշխանության մնան»։
Մանրամասն՝ ձայնագրությամբ։
Հարակից հրապարակումներ`
- «Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց, որպեսզի Ցեղասպանության զոհերի հիշատակի օրը հավաքվածները չկազմակերպեին արյունալի զանգվածային անկարգություններ»
- Միրզոյանի հայտարարությունը դավաճանnւթյան հասնող ցինիզմ է. Հայկ Մամիջանյան
- Հայոց ցեղասպանnւթյան միջազգային ճանաչումը մեր թիվ մեկ առաջնահերթությունը չէ. Միրզոյան
- Առաջիկա օրերին Հայոց ցեղասպանության հուշահամալիրում կսկսվեն հիմնանորոգման աշխատանքներ
- Այժմ Նիկոլն ամեն ինչ անում է, որպեսզի Թուրքիան հնարավորություն ստանա նոր ցեղասպանության և էթնիկ զտումների ենթարկի Հայաստանը. Զաքարյան
- Փաշինյանն ուրանալով Ցեղասպանության և 44-օրյա պատերազմի նահատակների հիշատակը՝ ՀՀ-ն դարձնում է «թուրքական աշխարհի» մաս. Շարմազանով