Հայաստանում ալկոհոլիզմն ու թմրամոլությունը երիտասարդանում են. Ռուբեն Հարությունյան
Հոկտեմբերի 30-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում տեղի է ունեցել «Գիտությունն այսօր» շարքի 5-րդ գիտահանրամատչելի սեմինարը՝ «Թմրամիջոցները և դրանց հետևանքները» թեմայով։ ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդմամբ, սեմինարին մասնակցել են ավագ դպրոցների աշակերտներ և բուհերի ուսանողներ։
ՀՀ ԳԱԱ Բնական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար, ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի գենետիկայի և բջջաբանության ամբիոնի վարիչ Ռուբեն Հարությունյանը նշել է, որ «Գիտությունն այսօր» շարքի սեմինարների ժամանակ աշակերտների և ուսանողների հետ քննարկվում են բնական գիտությունների ոլորտի արդի թեմաները։
«Մինչ այս մենք խոսել ենք մեր ժողովրդի գենետիկայի մասին, նաև գենոմիկայի և բժշկության, բյուրեղագիտության, առողջ սննդի։ Այսօր դուք կհանդիպեք պրոֆեսիոնալների հետ։ Մեր հանդիպման թեման արդիական է։ 2022 թվականի հունվարի դրությամբ Առողջապահության նախարարության Թմրամոլության բուժման ազգային կենտրոնում և նարկոլոգիական ծառայություններում գրանցվել է թմրամիջոց օգտագործած 7570 անձ։ Իհարկե, թմրանյութերից և ալկոհոլից կախվածություն ունեցողների թիվը հասնում է տասնյակ հազարների։ Իսկ ամենավատն այն է, որ, ըստ մասնագետների, Հայաստանում ալկոհոլիզմն ու թմրամոլությունը երիտասարդանում են», - ասել է Ռուբեն Հարությունյանը։
Նա անդրադարձել է ժառանգականության դերին ալկոհոլի և թմրանյութերի կախվածության մեջ։
«Գիտությանը հայտնի է, որ մենք բոլորս ունենք թմրամիջոցների և ալկոհոլի նկատմամբ հակվածության տարբեր մակարդակներ: Ի վերջո, նույնիսկ խթանիչների, օրինակ, սուրճի կամ թեյի նկատմամբ մեր գենետիկ հակվածությունը սահմանված է ավելի քան 60 տոկոս: Այսինքն, մեր վարքագիծը զգալիորեն կարող է պայմանավորված լինել բնածին կախվածություններով: Պետք է ունենալ բարձր գիտակցություն և կամքի ուժ դրանք հաղթահարելու համար: Այստեղ ամենակարևոր դերը պետք է ունենան կրթությունը, դաստիարակությունը և հասարակությունը», - ասել է պրոֆեսոր Հարությունյանը։
Հետազոտությունները ցույց են տվել, որ գենետիկ գործոնները կախվածություն առաջացնող նյութերի նկատմամբ կազմում են 50-60%։
«Չկա ալկոհոլիզմի մեկ գեն, սակայն հայտնի են առնվազն մի քանի տասնյակ գեներ, որոնք որոշում են ալկոհոլային կախվածությունը։ Այն ընտանիքներում, որտեղ ծնողները չեն օգտագործում ալկոհոլային խմիչքներ, երեխաների միայն 5%-ի մոտ կարող է առաջանալ կախվածություն ալկոհոլից։ Իսկ երբ ծնողներից մեկը հարբեցող է լինում, կախվածության ցուցանիշը հասնում է 18%-ի։ Ալկոհոլը ուժեղ մուտագեն չէ: Այնուամենայնիվ, այն ունի տերատոգեն ազդեցություն, առաջացնում է բնածին արատներ, հաճախ՝ օլիգոֆրենիա, այսինքն, մտավոր հետամնացություն», - ասել է Ռուբեն Հարությունյանը։
Ալկոհոլի և թմրանյութերի օգտագործման հոգեբանական հետևանքները ներկայացրել է «Rehab.am» վերականգնողական կենտրոնի ծրագրային ղեկավար, հոգեբան Մարիաննա Աբովյանը։ Նա նշել է, որ ալկոհոլիզմն ու թմրամոլությունն առաջացնում են շատ ֆիզիկական և հոգեբանական հիվանդություններ։ Ալկոհոլիզմից տարեկան մահանում է մոտ 3 միլիոն մարդ, իսկ թմրամոլությունից՝ 300 հազար։
«Այդ կախվածությունը խաթարում է մարդու կյանքը, հարաբերությունները ընտանիքի հետ, զրկում է մարդուն իր արժեհամակարգից։ Ի վերջո, մարդը զրկվում է առողջությունից, կյանքից, հայտնվում հիվանդանոցում կամ բանտում», - ասել է Մարիաննա Աբովյանը։
Նա անդրադարձել է տեղեկատվական տեխնոլոգիաների միջոցով թմրադեղերի տարածման, անչափահասներին հանցավոր ճանապարհով այդ գործունեության մեջ ներգրավելու նոր մեթոդներին: Նշվել է, որ թմրամոլությունը ներկայացվել է որպես հիվանդություն, որը գրանցված է հիվանդությունների համաշխարհային ռեգիստրում՝ ICD 10, որպես խանգարում, որն ազդում է մարդու կենսաբանական, հոգեբանական, սոցիալական և արժեքային ոլորտների վրա։ Հատուկ ուշադրություն է դարձվել բուժման և վերականգնման մեթոդներին: Նարկոլոգիական ամենապահանջված կլինիկաներից է ՀՀ առողջապահության նախարարության Կախվածությունների բուժման ազգային կենտրոնը։ Բուժում անցնողներն իրենց ձեռք բերածն ամրապնդելու նպատակով շարունակում են վերականգնումը Rehab.am կենտրոնում։ Մասնագետը շեշտել է, որ հետաքրքիր, լիարժեք և բովանդակալից կյանքը կախվածության հիվանդության լավագույն կանխարգելումն ու բուժումն է։
Երևանի պետական համալսարանի պրոֆեսոր Գագիկ Մելիքյանը խոսել է հոգեմետ նյութերի, միացությունների մասին, որոնք կարող են ճնշող ազդեցություն ունենալ մարդու նյարդային համակարգի վրա, առաջացնել հոգեկան շեղումներ, հիմնականում՝ ձայնային կամ լսողական հալյուցինացիաներ։ Միաժամանակ, այդ նյութերից մի քանիսն օգտագործվում են բժշկության մեջ, այդ թվում՝ հոգեկան խանգարումների բուժման համար:
«Չմոռանանք, որ հոգեակտիվ նյութերի չարաշահումը խնդիր է համաշխարհային մասշտաբով, հատկապես փոքր ժողովուրդների համար, որոնք դրա հետևանքով կարող են դեգրադացվել կամ իսպառ վերանալ», - ասել է Գագիկ Մելիքյանը։
Հայկական հոգեբուժական ասոցիացիայի կախվածությունների սեկցիայի ղեկավար, հոգեբույժ-նարկոլոգ Արտաշես Թումանյանը նշել է, որ կախվածությունը բարդ երևույթ է, որը ներառում է հոգեբանական, սոցիալական և կենսաբանական փոփոխություններ։ Դա նաև հանգեցնում է վարքագծի փոփոխության։ Կախվածության պատճառներից մեկը ներքին կարիքները բավարարելու ցանկությունն է, օրինակ, հաղթահարել սթրեսը կամ ցավը։ Այնուամենայնիվ, ալկոհոլը կամ թմրանյութերը ամենից հաճախ օգտագործվում են հաճույքի համար, և ժամանակի ընթացքում դա կարող է վերածվել սովորության։
«Մեր վարքագիծը, մեր վատ սովորությունները ոչ միայն վնաս են հասցնում մեր գենոմին, այլև ազդում են մեր ապագա սերունդների գեների արտահայտման վրա։ Այնուամենայնիվ, չնայած մեր գենետիկ հակվածությանը, մենք կարող ենք առողջ լինել, եթե վարենք առողջ ապրելակերպ։ Հենց միջավայրն է որոշում գենետիկական գործոնների մեծ մասի դրսևորումը։ Եվ, հակառակը, ունենալով առողջ գեներ, բայց սխալ ապրելակերպ, կարող ենք վնասել ինքներս մեզ և մեր ապագա սերունդներին», - եզրափակել է Ռուբեն Հարությունյանը։
«Գիտությունն այսօր» շարքը նախաձեռնել և իրականացնում են ՀՀ ԳԱԱ Բնական գիտությունների բաժանմունքը և ՀՀ ԳԱԱ Միջազգային կապերի և երիտասարդական ծրագրերի վարչությունը՝ ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան