Լավրովը Ռուսաստանի տարակուսանքն է հայտնել Թուրքիայի դիրքորոշման կապակցությամբ
Ռուսաստանը զարմացած է Ուկրաինայում միջնորդական ծառայություններ մատուցելու Թուրքիայի պատրաստակամությամբ, այն դեպքում երբ վերջինս շարունակում է Կիևի հետ համագործակցությունը ռազմատեխնիկական ոլորտում։ Այս մասին թուրքական Hurriyet թերթին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
ՌԴ արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավարը նշել է, որ Թուրքիան շարունակում է Ուկրաինային զենք մատակարարել, որը հետագայում օգտագործվում է ռուսական զորքերի և խաղաղ բնակիչների վրա գրոհելու համար։ Անկարայի այս դիրքորոշումը, Լավրովի խոսքով, տարակուսանք է առաջացնում ռուսական կողմում։
Այնուամենայնիվ, նախարարն ընդգծել է, որ Մոսկվան բարձր է գնահատում Անկարայի ջանքերը՝ աջակցելու ուկրաինական հակամարտության կարգավորմանը։ Գերատեսչության ղեկավարը հիշեցրել է, որ հենց Թուրքիան է հարթակ տրամադրել Ուկրաինայի իշխանությունների հետ 2022 թվականի գարնանը խորհրդակցությունների համար։
Լավրովը նաև հավելել է, որ Թուրքիայի կողմից հաջող միջնորդության իրագործման հնարավորությունները մնում են ցածր՝ Ուկրաինայում խաղաղության համար Արևմուտքի և Կիևի ծրագրերի բացակայության պատճառով։
«Այս տարվա հունիսին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից առաջադրված խաղաղության նախաձեռնությանը Կիևի պատասխանը եղավ Կուրսկի շրջան Ուկրաինայի զինված ուժերի ներխուժմամբ և սահմանամերձ այլ շրջանների թիրախների վրա օդային հարձակմամբ։ Վաշինգտոնը և նրա դաշնակիցները լիարժեք աջակցություն են ցուցաբերում Կիևին և քննարկում են արևմտյան հեռահար հրթիռների կիրառման հնարավորությունը Ռուսաստանի խորքերը հարվածելու համար»,-«Գազետո ռու»-ի փոխանցմամբ, ասել է ՌԴ ԱԳ նախարարը՝ նշելով, որ նման պայմաններում Թուրքիայի հաջողության շանսերը մնում են ցածր։
Հարակից հրապարակումներ`
- Թուրքիան գաղտնի արգելք է մտցրել Ռուսաստան ավելի քան 40 կատեգորիայի ապրանքների արտահանման վրա
- Լավրով. Հայ գործընկերները կարծում են, որ նախ պետք է ուղիղ շփվել թուրքերի հետ
- Լավրով. Երևանին և Բաքվին առաջարկվել է ավարտել պայմանագրի շուրջ աշխատանքը «3+3» հարթակում
- ՌԴ-Սիրիա-Թուրքիա-Իրան փոխարտգործնախարարների հանդիպումը կարող է կայանալ ապրիլի սկզբին