Սնանկության եզրին կանգնած Սարգիս Թարվերդյանը՝ Աննա Հակոբյանի «հաջողակ տղամարդկանց» թվում
Աննա Հակոբյանի՝ հաջողակ տղամարդկանց հետ հանդիպումից հետո սոցցանցերում ակտիվորեն քննարկվում է մասնակիցների ով լինելը։
Հիշեցնենք, որ հանդիպումն անցել է «Լիվինգսթոն» ռեստորանում, որի սեփականատերը «Երեմյան Փրոջեքթս» ընկերության գլխավոր տնօրեն Դավիթ Երեմյանն է։ Նրա բիզնեսը 2018-ի իշխանափոխությունից հետո մեծ թափով սկսեց զարգանալ։
Ռեստորանից այս պահին Panorama.am-ին չպատասխանեցին՝ արդյոք հյուրասիրությո՞ւն է եղել, թե՞ վճարել են ռեստորանում միջոցառումն անցկացնելու, սնվելու, կենդանի երաժշտություն լսելու համար. եթե վճարել են, ապա որքա՞ն։ Ռեստորանի ֆեյսբուքյան էջում եղած հեռախոսահամարին պատասխանած կինը հայտնեց՝ հարցերը կփոխանցի տնօրենին։
Աննա Հակոբյանի էջում հրապարակած տեսանյութում մասնակիցներից շատերի դեմքերը տեսանելի չեն, հեռվից է նկարած։
Կադրերում երևում է, որ երեկոյի մասնակիցների թվում է «Սարգիս Կառոլինա» ընկերության համասեփականատեր Սարգիս Թարվերդյանը, ում եղբայրը՝ Երվանդ Թարվերդյանը, որը ընկերության մյուս սեփականատերն է, «Միացյալ Հայաստան» կուսակցության նախագահն է, ցանկանում էր վարչապետ դառնալ։
Սարգիս Թավադյանի ընկերությունն այս տարվա հուլիսին Աննա Հակոբյանի «Իմ քայլը» հիմնադրամի նամակ-պահանջով 10 մլն դրամի նվիրատվություն է արել հիմնադրամին: Երեկ էլ փաստորեն 1 մլն դրամ վճարել է ընթրիքին մասնակցելու համար։
Սա ուշագրավ է հատկապես ընկերության դեմ ներկայացրած դատական հայցերի համատեքստում։ «Դատալեքս»-ում հրապարակված տեղեկատվության համաձայն, 2023-ի դեկտեմբերի 6-ին «Էվոկաբանկ» ՓԲԸ-ն դիմել է սնանկության դատարան՝ պահանջելով, որ «Սարգիս-Կարոլինա» ՍՊԸ -ին սնանկ ճանաչեն: Դրանից մեկ տարի առաջ՝ 2022-ին մեկ այլ բանկ է դիմել դատարան նույն պահանջով։
Երեկոյի հաջորդ մասնակցի ներկայությունը նույնպես զարմանք է առաջացրել։ Բարերար Գաբրիել Չենբերջյանը եղել է «Փյունիկ» հիմնադրամի պատվավոր նախագահը, հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահը ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբայրն էր՝ Լևոն Սարգսյանը։
Նախկինների կողմից մեդալների արժանացած Չենբերջյանը հաճախ է նվիրատվություն կատարում Աննա Հակոբյանի «Իմ քայլը» հիմնադրամին։ Օրինակ, հիմնադրամի կայքում հրապարակված տեղեկատվության համաձայն նա 2023-2024 թթ ընթացքում փոխանցել է 50 հազար դոլար գումար։ Ի դեպ նրան նկատել էին նաև Նիկոլ Փաշինյանի դեմ հանհրահավաքներից մեկին մասնակցելիս։
Հարակից հրապարակումներ`
- Աննա Հակոբյանի վարդագույն կոստյումն ու «հաջողակ տղամարդիկ»
- «Հրապարակ». 53 հայազգի հաջողակ տղամարդ մասնակցելու է Աննա Հակոբյանի հետ ընթրիքին