ՔՊ-ն արդեն ունի Գյումրիի քաղաքապետի իր թեկնածուն
Գյումրիի քաղաքապետի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածուն Շիրակի նախկին մարզպետ Կարեն Սարուխանյանն է։
«Մեր ցուցակը կգլխավորի Կարեն Սարուխանյանը»,- ԱԺ–ում լրագրողներին ասաց Ալեն Սիմոնյանը։
Նրա կարծիքով, ընտրությունները կլինեն 2025-ին։
«Ենթադրում եմ, որ Գյումրիում ընտրություններ տեղի կունենան կամ մյուս տարվա սկզբին, կամ տարվա երկրորդ կեսին։ Իմ ընկալմամբ, կարծում եմ, գարնան կողմ ամենաճիշտ տարբերակն է, բայց հստակ որոշում գոյություն չունի», - ասաց Ալեն Սիմոնյանը։
Կարեն Սարուխանյանը 2018 թ. հունիսից մինչև 2019 թվականի հունվարի 14-ը եղել է Շիրակի մարզպետը։
Հարցին՝ ինչո՞ւ իշխանությունները պարտադրեցին, որ «Բալասանյան դաշինքի» անդամները դնեն մանդատները, որն ըստ էության, իշխանազավթում է, Ալեն Սիմոնյանը պատասխանեց. «Իշխանազավթում և բաց ընտրություններ բառերն անհամատեղելի են: Չի կարող իշխանազավթումը զուգորդվի ժողովրդի ազատ կամքի արտահայտմամբ:
Ձեզ համար գաղտնի՞ք է, որ տարբեր մարդիկ մտավախություն ունենալով, որ քրեական գործ կարող է հարուցվել իրենց դեմ, որոշում են մտնել քաղաքականություն: Նոր բա՞ն է։ Այդ ընկալումը, որ եթե դու պաշտոնյա ես, իշխանությունը քո հետ ուզած-չուզած հաշվի է նստելու, չի կարող լինել: Մենք որևէ մեկին որևէ բան չենք պարտադրել:
Շատ վատ է, որ «Բալասանյան դաշինքը» իր վերցրած ձայներից հրաժարվել է և մանդատները վայր է դրել, հրաժարական է տալիս: Դա ամենավատ բանն է, որ կարելի էր անել, դա անթույլատրելի։
Կոալիցիան, որ կար, չաշխատեց։ Այն, ինչ պետք է արվեր Գյումրիում, չէր արվում: Մենք լուրջ խնդիր ունեինք իրագործելու մեր մանդատը: Դրա համար մենք խզեցինք կոալիցիան։ Դրանից հետո իրենց որոշումն է: Գուցե իրենք մտածում են, որ այս պարագայում նոր ընտրություններն ավելի ճիշտ տարբերակ է, ես չեմ կարող ասել»։
Հարակից հրապարակումներ`
- «Հրապարակ». Փաշինյանն ուզում է Վանաձորի սցենարը կրկնել Գյումրիում
- Հայաստանում ՏԻՄ համակարգի նկատմամբ ՔՊ իշխանության հերթական ոտնձգության հետևանք է․ «Ապրելու երկիր»-ը՝ Գյումրիում ստեղծված իրավիճակի մասին
- Իսկ կներեք, ի՞նչ է պատահել Գյումրիում, ասեք, մենք էլ իմանանք. Փաշինյանը՝ ընդդիմադիր պատգամավորին
- «Հրապարակ». Սամվել Բալասանյանը որոշել է Գյումրին զիջել ՔՊ-ին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան