Քաղաքական 16:09 04/11/2024 Հայաստան

Քաղաքական մեկնաբան. Վրաստանի նախագահի գործողությունը մեղմ ասած սադրիչ է

«Վրաստանի նախագահն իր ֆեյսբուքյան անձնական էջում տարածել  է վրացական տուրգործակալության մի գովազդ, որտեղ Հայաստանի Լոռու մարզի առնչությամբ կան մեղմ ասած խնդրահարույց ձևակերպումներ»,-մեկնաբանելով Զուրաբաշվիլիի կիսած հրապարակումը՝ գրում է քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը։

Նա նշում է՝ այն, որ Վրաստանում կա այդ վերաբերմունքը Լոռու, Լոռու մարզի պատմամշակութային որոշ հուշարձանների հանդեպ, բոլորովին նորություն չէ: Նաև հայտնի է, որ այդ առնչությամբ տարիներ շշարունակ բավականին բարդ քննարկումների մեջ են երկու եկեղեցիները՝ Հայ Առաքելական և Վրաց Ուղղափառ եկեղեցիները:

«Սա  չափազանց նուրբ թեմա է, որ Հայաստանն ու Վրաստանը հետխորհրդային ավելի քան երեք տասնամյակում փորձում են կառավարել շատ մեծ ջանքի գնով, թե եկեղեցիների, թե կառավարությունների մակարդակով:

Ընդ որում, այսպես ասած հանրային մակարդակով այդօրինակ խնդիրներ առկա են երևի թե բոլոր պետությունների միջև, և հետևաբար հարցը միշտ էլ հենց այն է, թե վերնախավային մակարդակում ինչպես են կառավարվում այդ նուրբ հարցերը:

Վրաստանի նախագահը, որը կարծես թե երբեք էլ աչքի չի ընկել առանձննակի նրբանկատությամբ, իրեն թույլ է տալիս կիսվել մի նյութով, որը վերաբերում է հենց այդ նուրբ թեմաներին:

Եվ, չնայած նա անում է դա իր ոչ թե պաշտոնական, այլ այսպես ասած անձնական օգտահաշվով, միևնույն է, մեղմ ասած բարդ բան չէ հասկանալը, որ անգամ այդ օգտահաշիվը ասոցացվում է նախագահական կարգավիճակի, հետևաբար՝ պետական կարգավիճակի հետ:
Ըստ այդմ, Վրաստանի նախագահը թույլ է տալիս կոպիտ սխալ, և չափազանց հայտնի ու նուրբ թեմայի վերաբերյալ նա թույլ է տալիս այնքան կոպիտ սխալ, որ մեղմ ասած շատ բարդ է պատկերացնել, որ դա արվել է «չհասկանալով»:

Առավել ևս, որ դա արվում է Վրաստանի համար չափազանց զգայուն մի ժամանակաշրջանում, որը ոչ պակաս զգայուն նշանակություն ունի նաև Հայաստանի համար:

Հարց է առաջանում, Վրաստանի նախագահը իր անձնական օգտահաշվով այդ ինչքա՞ն հաճախ է տուրգործակալությունների գովազդներ տարածում, որ հանկարծ որոշել է անել դա Հայաստանի թեմայով, և առավել ևս այս փուլում: Հատկապես, որ Վրաստանից դեպի Հայաստան՝ Լոռու մարզ տուրայցերը բոլորովին նոր երևույթ չեն:

Ի դեպ, շատ լավ է, որ այդ այցերը կան: Ինքս տարիներ շարունակ բազմիցս արտահայտվել եմ, որ պետք է հայ-վրացական զբոսաշրջային կոոպերացիայի խորացում, այդ թվում ոչ միայն Լոռի, նաև Շիրակ:

Պաշտոնյաները պետք է նպաստեն դրան, այլ ոչ թե երկու երկրների ու ժողովուրդների միջև առանց այդ էլ բավականին նուրբ հարցերի առկայության դեպքում ունենան սադրիչ դերակատարում:

Իսկ Վրաստանի նախագահի գործողությունը մեղմ ասած սադրիչ է:

Եվ այստեղ էական է մեկ այլ հանգամանք: Անցնող օրերին եղավ մեկ այլ տեղեկատվական սադրանք հայ-վրացական հարաբերության դեմ, իբրև թե Վրաստանը թույլ չի տալիս ֆրանսիական սպառազինությունը գա Հայաստան:

Գրեթե չունեմ կասկած, որ Վրաստանի ընտրության և հետընտրական բարդ իրողության ֆոնին կա նպատակ՝ հրահրել նաև հայ-վրացական լարվածություն և այդ կերպ մեծացնել մթնոլորտային ճնշումը Վրաստանի կառավարության նկատմամբ: Այդ նպատակը հետապնդողներին բնականաբար չի հուզում, թե այդ նույն ճնշումը ինչպիսի հետևանք կունենա նաև Հայաստանի համար:

Գնահատականս այն է, որ Հայաստանը պետք է չտրվի զգայականության և չարդարացնի այն հնարավոր հաշվարկը, որ կարող է լինել նաև Վրաստանի նախագահի կամա, թե ակամա ներգրավմամբ:

Հայաստանի ու Վրաստանի հարաբերությունը 2024 թվականի փետրվարից ի վեր ամրագրված է ռազմավարական գործակցության հռչակագրով: Հարաբերությունը պետք է գործնական մակարդակում էլ լինի այդ բնույթին համարժեք, հետևաբար պետք է մի կողմից բարձրորակ աշխատունակություն նուրբ հարցերը կառավարելու, հետևաբար նաև տարատեսակ սադրանքների չենթարկվելու հարցում:

Միևնույն ժամանակ, գուցե Զուրաբիշվիլուն «զգաստացնելու» հարցում օգտակար լինի նաև Ֆրանսիա՞ն, որի ԱԳՆ նախկին աշխատակից է և քաղաքացի Վրաստանի դեռևս նախագահը: Ոնց էլ չլինի, նախկինից կլինեն պահպանված կապեր՝ մեղմ ասած: Չեմ կարծում, թե Ֆրանսիայի համար օգտակար է հայ-վրացական որևէ լարում, որևէ կայծ»։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}