Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան
Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչներն ամեն օր թվեր են հրապարակում, թե ինչպես է փոխվել ուղեվարձի վճարումից առաջացած գումարի չափը նոյեմբերի 1-ից ուժի մեջ մտած փոփոխություններից հետո։
Մեկ օր առաջ հրապարակած տվյալների համաձայն, նոյեմբերի 1-ի, 2-ի և 3-ի վճարումների արդյունքներով «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի կողմից հավաքագրվել է 72.528.400 ՀՀ դրամ։ Մինչև նոր վճարային պայմաններին անցնելը հոկտեմբեր ամսվա վերջին ուրբաթ, շաբաթ և կիրակի օրերին հավաքագրումը կազմել է 64,944,000 ՀՀ դրամ։
«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը Panorama.am-ի հետ զրույցում ասաց՝ այս թվերը ծիծաղելի են։
«Քաղաքապետարանը նախ պետք է ասեր, փոփոխությունների արդյունքում ինչքա՞ն գումարի ավելացում էր ակնկալում։ Եվ եթե կարծում է, որ իր կողմից հրապարակած թվերը ծիծաղելի չեն, ամոթալի չեն, ապա առնվազն այլ հարցի պետք է պատասխանի՝ ի՞նչ ամոթալի քաղաքականության արդյունքում են 613 հազար ուղևորափոխադրումը կրճատել։ Թվերը ծիծաղելի են, քանի որ 61 մլն դրամի փոխարեն մենք քննարկում ենք օրինակ 31 մլնը»,-ասաց ՀԿ նախագահը։
Հիշեցնենք, որ տրանսպորտային ցանցի բարելավման փաթեթի ստեղծման համար դեռ 2018-ին միջազգային խորհրդատուին տրամադրած տվյալների համաձայն, օրական ուղևորափոխադրումը կազմել է մոտ 613 հզ մարդ։ Ընդ որում, այդ փաթեթի համաձայն նախատեսվում էր ոչ թե ուղևորների նվազում, այլ աճ։
«Քաղաքապետարանում պետք է պատասխան տան. ինչպե՞ս են կարողացել հինգ տարում տրանսպորտային համակարգը աղավաղել այնպես, որ Երևանում հանրային տրանսպորտից օգտվի երկու անգամ քիչ մարդ, քան օգտվում էր, և սա այն պայմաններում, երբ Երևանում բնակչության թիվն աճում է»,-նշեց նա։
Պիպոյանի գնահատմամբ, Երևանի քաղաքապետարանն այժմ սկսել է մի գործընթաց, որը տրանսպորտային համակարգի բարեփոխման հետ ոչ մի աղերս չունի։
«Ավելին, նման մանիպուլյացիաներով, թվեր հրապարակելով ուզում են հասարակության ուշադրությունը շեղել կարևորագույն փաստից, այն է՝ շարունակաբար ձախողում են տրանսպորտային համակարգի բարեփոխումը»,-ընդգծեց ՀԿ նախագահը։
Անդարադառնալով «Թել Սել» վճարային համակարգով իրականացրած վճարումների միջոցով ստվերի կրճատման մասին հայտարարություններին, Պիպոյանն ընդգծեց.
«Վարորդի վերցրած 100 դրամի մեջ էդքան կոռուպցիոն ռիսկ չկա, ինչքան կա այնտեղ, որ ընդամենը մի օպերատոր դարձավ սպասարկողը։ Ընդ որում օպերատոր, որ կոնկրետ բանկերի հետ է աշխատում»։
Մանրամասները՝ ձայնագրությամբ։
Հարակից հրապարակումներ`
- Անհամբեր սպասելու եմ օրական 60 մլն դրամ հավաքագրված գումարը տեսնելուն. Մեսրոպ Մանուկյան
- Որոշ թերությունների համար մեր հանրությունից ներողություն եմ խնդրում. Երևանի փոխքաղաքապետը՝ տոմսային համակարգի մասին
- 100-դրամները պարտադիր դարձնելուց հետո միայն շաբաթ օրը հավաքագրվել է 23 192 300 ՀՀ դրամ. Քաղաքապետարան