Կոչ եմ անում կառավարությանը փոխել իր դիրքորոշումը և ունենալ հատուկ օր՝ հարգելու Հայաստանի համար զոhվածների հիշատակը. Նազարյան
Հայաստանի կառավարությունը բացասական եզրակացություն է տվել ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանի օրենսդրական նախաձեռնությանը, որով առաջարկում է սահմանել բոլոր ժամանակներում Հայաստանի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր ու նշել սեպտեմբերի 27-ին։
Այսօր ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում Գեղամ Նազարյանն ասաց. «Ծանոթացել եմ կառավարության դիրքորոշման հետ, այն է՝ ձեռնպահ մնալ իմ առաջարկի ընդունումից, այդ իսկ պատճառով, հաշվի առնելով հարցի նրբությունը, վստահ լինելով, որ ի վերջո առաջիկա երկու ամիսները բավարար կլինեն, որպեսզի ես, իմ ընկերները կարողանանք կառավարությանը համոզել, որ Հայաստանին անհրաժեշտ է ունենալ օր ու հատուկ օրով կհարգվի բոլոր ժամանակներում Հայաստանի պաշտպանության համար զոհվածների հիշատակը»։
Նրա ներկայացմամբ, կառավարության դիրքորոշման մեջ նշված է՝ «արդեն ունենք Բանկի օր՝ հունվարի 27, այդ օրը գնում ենք Եռաբլուր և նոր օրվա կարիք չկա»։
«Դա ինձ համար անընդունելի է։ Ընդհանրապես, իմ համոզմամբ, չի կարելի զոհված, նահատակված մարդկանց օրը խառնել երկրի վրա ապրող մարդկանց օրվա հետ։ Կառավարությանը կոչ եմ անում փոխել իր դիրքորոշումը։
Երկու ամսով հետաձգում եմ այդ նախագիծը։ Կարծում եմ՝ երկու ամսում կկարողանամ կառավարությանը համոզել այս հարցում ճիշտը հատուկ օր ունենալն է, և, ի վերջո, այս մեծ անարդարությունը վերացնել»,- ասաց Գ.Նազարյանը։