«Ջաղաց» հանգստի կենտրոնում երկու խմած կանայք ծեծկռտուքի են մասնակցել. Նրանց մասով նյութերն ուղարկվել են դատարան
Այս տարվա հուլիսի 18-ին՝ ժամը 22:25-ին, ահազանգ էր ստացվել Կապան քաղաքի «Ջաղաց» հանգստի կենտրոնում երեք անձի դանակահարելու վերաբերյալ, ովքեր տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխել էին «Կապանի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերություն:
Քննչական կոմիտեից հայտնում են, որ ձեռնարկված անհետաձգելի գործողությունների արդյունքում պարզվել էին տուժողների՝ մարմնական վնասվածքներ ստանալու էական մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ տուժողների, վերջիններիս մարմնական վնասվածքներ ստացած անձանց ինքնությունը, ինչպես նաև՝ շարժառիթը:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում 2024թ․ հուլիսի 18-ին ՀՀ քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի, 167-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, 171-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի (2 դրվագ) և 297-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում պարզվել է, որ միջադեպին մասնակից են եղել Կապան քաղաքի հինգ բնակիչներ, որոնցից երկուսը՝ կանայք:
Իրականացված քննչական, դատավարական այլ գործողությունների, ինչպես նաև օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ 2024թ. հուլիսի 17-ին Կապան քաղաքի «Ջաղաց» հանգստի կենտրոնում Կապան քաղաքի բնակչուհի Ա.Բ.-ն, գտնվելով ոչ սթափ վիճակում, հասարակության նկատմամբ անհարգալից և բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք ցուցաբերելով և համակեցության կանոնների ցուցադրաբար անտեսմամբ խախտելով մարդկանց անդորրը, բարձրաձայն անհասցե սեռական բնույթի հայհոյանքներ է հնչեցրել, որոնք լսելի են եղել հարևան տաղավարում: Այդ կապակցությամբ հարևան տաղավարում կազմակերպված միջոցառման մասնակիցներից մեկը մոտեցել և դիտողություն է արել՝ միաժամանակ խնդրելով չխանգարել իրենց միջոցառումը: Որոշ ժամանակ անց Ա.Բ.-ն, անտեսելով չհայհոյելու և միջոցառումը չխանգարելու վերաբերյալ արված հորդորը, շարունակել է բարձրաձայն հայհոյել, ինչի համար վերջինիս կողմից կրկին կատարված դիտողության կապակցությամբ երկու տաղավարների միջոցառումների մասնակիցների միջև առաջացել է քաշքշուկ:
Քաշքշուկը հանդարտվելուց որոշ ժամանակ անց Ա.Բ.-ն գնացել է հարևան տաղավար և պարզաբանումներ պահանջել, որտեղից վերջինիս դուրս են հրավիրել։ Սակայն կինը չի ենթարկվել պահանջին, կրկին հնչեցրել է սեռական բնույթի հայհոյանքներ և փորձել հարվածել 74-ամյա տղամարդուն, ինչի պատճառով երկու տաղավարների միջոցառումների մասնակիցների միջև տեղի է ունեցել ծեծկռտուք։ Դրա ընթացքում Ա.Բ.-ի ընկերուհին՝ Գ.Ս.-ն, խուլիգանական դրդումներով, իր առավելությունն ընդգծելու մոլուցքով տարված, դանակով հարվածել է Քաջարան քաղաքի 35-ամյա բնակչին՝ նրա առողջությանը պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս, այնուհետև, շարունակելով իր հանցավոր գործունեությունը, նույն դանակի գործադրմամբ, խուլիգանական դրդումներով, դիտավորությամբ հարվածել է նաև Քաջարան քաղաքի մեկ այլ՝ 46-ամյա բնակչին՝ վերջինիս առողջությանը պատճառելով թեթև վնաս:
Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա Ա.Բ.-ին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասով, Գ.Ս.-ին՝ 166-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ և 10-րդ կետերով: Դատարանը Գ.Ս.-ի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառել այլընտրանքային խափանման միջոց տնային կալանք և բացակայելու արգելք, իսկ Ա.Բ.-ին մեղադրանք է ներկայացվել՝ 297-րդ հոդվածի 1-ին մասով: Վերջիններիս մասով նախաքննությունն ավարտվել է, և վարույթը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:
Ա.Բ.-ի և Գ.Ս.-ի հետ միջադեպին մասնակից մյուս երեք անձանց մասն առանձնացվել է առանձին վարույթում, որով նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին