1100 հարցվածների գրեթե 58%-ը դժգոհ են Փաշինյանի աշխատանքից
«Հնարավո՞ր եք համարում Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի կնքումը մինչև տարավերջ». «Gallup International Association»-ը Հայաստանի տարածքում իրականացրած հարցման ընթացքում նման հարց է ուղղել քաղաքացիներին։ Արդյունքների համաձայն՝ 8,3 տոկոսը նշել է՝ միանշանակ այո, 17,5 տոկոսը՝ ավելի շուտ այո, 23,4 տոկոսը՝ ավելի շուտ ոչ, 41,2 տոկոսը՝ միանշանակ ոչ։
«Այսինքն 64 տոկոսն այն կարծիքին է, որ մինչև տարեվերջ հնարավոր չէ կնքել նման պայմանագիր»,- հարցման արդյունքները ներկայացնելով՝ ասաց «GALLUP International association»-ի Հայաստանում լիիրավ անդամ «Էմ Փի ՋԻ» ՍՊԸ–ի տնօրեն Արամ Նավասարդյանը։
Հետազոտությունն իրականացվել է հոկտեմբերի 24-30-ը։ Հեռախոսային հարցումներին մասնակցել է 1100 մարդ։
«Ի՞նչ եք կարծում՝ Հայաստանը պե՞տք է գնա նոր զիջումների՝ Ադրբեջանի և Թուրքիայի հետ ավելի սերտ հարաբերություններ հաստատելու համար». 7 տոկոսը նշել է՝ այո, քանի որ այլընտրանք չունեն, 90 տոկոսը՝ ոչ, քանի որ այլևս ոչինչ չունեն զիջելու։
Հարցվածների 72%-ը բացասական է գնահատել ՍԴ-ի որոշումը Անկախության հռչակագրի վերաբերյալ։
ՀՀ նախագահի աշխատանքը բացասական է գնահատել հարցվածների 50%-ը, ԱԺ նախագահինը՝ 68%-ը, գործադիրինը՝ 56,3%-ը։
Նիկոլ Փաշինյանի աշխատանքը հոկտեմբերին դրական է գնահատել 14,1 %-ը, իսկ հուլիսին՝ 13,4 տոկոսը, մայիսին 9,1%-ը։ Հոկտեմբերին Փաշինյանի աշխատանքից դժգոհ է 57 -58 %-ը։
«Եթե առաջիկա կիրակի օրը լինեն խորհրդարանական ընտրություններ, ո՞ր կուսակցության կամ դաշինքի օգտին կքվեարկեիք». ՔՊ-ին ձայն կտա 16,5%-ը, «Հայաստան» դաշինքին՝ 6,4%-ը, ԴՕԿ-ին՝ 5,9 %-ը, ԲՀԿ-ին՝ 2,2 %-ը, «Պատիվ ունեմ» դաշինքին՝ 2,1 %-ը։
«Իշխող ուժն ունի 8-10 տոկոս մշտական ընտրական թոզ, եթե ՔՊ-ն չլինի իշխանություն, նրանց ռեյտինգը կնվազի առնվազն 8-10 տոկոս։
Այսօրվա դրությամբ, եթե լինեն ընտրություններ ու դրանք լինեն թափանցիկ և առանց խախտումներին, վստահաբար, երեք ուժ կանցնի խորհրդարան՝ ՔՊ-ն, «Հայաստան» դաշինքն ու ԴՕԿ կուսակցությունը։ Այս երեք կուսակցությունը կարող են հաղթահարել շեմը։ Մնացածի դեպքում կախված կլինի, թե երբ կլինի ընտրությունը, ինչպիսի քարոզարշավ կիրականացնեն, ինչպիսի դաշինքներ կգոյանան նախընտրական պրոցեսներում»,- ասաց Ա. Նավասարդյանը։
Նա նաև նշեց. «2018 թվականից Նիկոլ Փաշինյանը կարողանում է ամբողջ քաղաքական դաշտը պահել իր ստեղծած օրակարգի տիրույթում։ Եթե ինքը հեծանիվ չքեր, բա ինչի՞ մասին էիք խոսելու։ Հարցըն ուղղված է ընդդիմադիրներին։ Մի՞թե այնքան կարևոր է՝ ինքը հեծանիվ քշում է, թե չի քշում։ Ինքն ինչ որ բան անում է, փորձում է աշխատել իր պոտենցիալ էլեկտորատի հետ, բա դուք ի՞նչ եք անում։ Դուք քննարկում եք՝ որ ինքը հեծանիվ է քշում։ Դա՞ է Հայաստանի համար մեկ խնդիրը»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան