Հայաստանում ապրելն ավելի թանկ է, քան եվրոպական շատ քաղաքներում, ինչո՞ւ բունտեր տեղի չեն ունենում․ Օհանյան
«Հրապարակ» օրաթերթի խմբագիր Արմինե Օհանյանը գրում է․
«Ինչո՞ւ մեզանում սոցիալական բունտեր տեղի չեն ունենում: Չէ՞ որ Հայաստանը մեկ շնչին ընկնող եկամտի չափով ամենահետին տեղերում է գտնվում՝ համաշխարհային սանդղակներում, իսկ գների առումով գերազանցում է ամենահարուստ եվրոպական երկրներին: Հայաստանում ապրելն ավելի թանկ է, քան եւրոպական շատ քաղաքներում` բնակմակերեսի գները բարձր են, աշխատավարձերն ու թոշակները` ցածր, նպաստները` ծիծաղելի, եւ պետությունը սոցիալական աջակցության ծրագրեր գրեթե չի իրականացնում:
Անգամ Արցախից եկած, տուն-տեղ կորցրած մարդկանց համար ոչինչ չարեցին` մի մեռելածին ծրագիր երկնեցին, որից ոչ ոք չօգտվեց: Եւ այս թանկություններին զուգահեռ` շարունակ բարձրանում են հարկերն ու տուրքերը, տրանսպորտի գինն ու գույքավարձը, վարկերն ու հիպոթեկն անընդունելի տոկոսներով են տրամադրում: Ուրեմն ինչո՞ւ մեր հասարակությունը փողոց դուրս չի գալիս բարձր գների, ցածր աշխատավարձերի, ծառայությունների ոչ մատչելիության, պետության հարստահարման դեմ: Ինչո՞ւ չի պահանջում բարձրացնել նվազագույն աշխատավարձն ու թոշակը, ընդլայնել անապահով խավի շրջանակները, սոցիալական քաղաքականություն վարել, կրթության ու առողջապահության հասանելիություն ապահովել բոլորի համար: Իրականում, հայ մարդն աշխարհում ամենահարմար քաղաքացին է իշխանության համար:
Նա իր պետությանն ուղղված շատ համեստ ու չափավոր պահանջներ ունի` ի տարբերություն զարգացած երկրների երես առած քաղաքացիների: Նա պատրաստ է անմռունչ աստղաբաշխական հարկեր ու տուրքեր վճարել, ենթարկվել ցանկացած անհեթեթ որոշման: Նա իր պահած` հղփացած իշխանավորներից օգնություն չի ակնկալում, այլ ընդամենը ուզում է, որ չափից դուրս ծանր հարկեր չսահմանեն, փողոց դուրս գալու համար իրեն չհետապնդեն, պետական մարմինների հետ շփվելու ժամանակ իրեն չնվաստացնեն: