«Ժողովուրդ». «Իմ քայլը» հիմնադրամի ընթրիքի նվիրատվությունը արտոնությունների կամ ներողամտության ակնկալիք
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի «Իմ քայլը» հիմնադրամի առաջին նվիրատուների շարքը պակաս կասկածելի և խնդրահարույց չէ, որքան ՔՊ կուսակցության դրամահավաքը։ Եթե ՔՊ կուսակցության դրամահավաքի նվիրատուները նվիրատվություն էին արել 1 մլն դրամ և ավելի, սակայն դրա մասին տեղյակ չէին եղել, ապա «Իմ քայլը» հիմնադրամի ընթրիքի նվիրատվությունը ակնհայտորեն արտոնությունների ակնկալիք կամ ներողամտության ակնկալիք էր:
Հիմնավորենք պնդումը փաստերով. հոկտեմբերի 31-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանի՝ «Հաջողակից՝ սկսնակին» ծրագրի շրջանակում կազմակերպված «Երիտասարդի երազանք» նախագծի բարեգործական ընթրիքին մասնակցել էր 62 հաջողակ տղամարդ գործարար, ինչի արդյունքում «Իմ քայլը» հիմնադրամը հավաքել է 62 մլն դրամ։ Հարկ է նշել նաև, որ երեկույթից առաջ շրջանառվող տեղեկության համաձայն՝ մասնակիցների նախնական թիվը 52-ն էր, իսկ մուտքավճարը՝ 1 մլն դրամ։ Արդյունքում, «Իմ քայլը» հիմնադրամը «շահեց» 10 մլն դրամ ավելի։ Այս մասին հայտնել են «Իմ քայլը» հիմնադրամից: Ուսումնասիրելով, թե ովքեր են «Իմ քայլը» հիմնադրամի նվիրատուները, հետաքրքիր փաստեր ենք արձանագրում. Աննա Հակոբյանի կազմակերպած ընթրիքին մասնակցել է Վարդան Ալեքսանյանը՝ Dignisi անշարժ գույքի գործակալության տնօրենը։ Նա անցնում է մի քրեական գործով, ըստ որի՝ նա խոշոր չափի վնաս է հասցրել երկու տասնյակից ավելի անձանց։ Բանն այն է, որ Վարդան Ալեքսանյանը «Հավերժ Մուսալեռ» ՍՊԸ-ի տնօրենն էր, որը ղեկավարում էր նաև «Ալեքսանյան ընդ փարթներս» և «ՌՎ» ՍՊ ընկերությունների գործունեությունը։ Նրա նկատմամբ 2010-ին ոստիկանության քննչական գլխավոր վարչությունում խարդախության փաստով քրեական գործ էր հարուցվել, խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը և հայտարարվել էր հետախուզում։
Հայտնի է դարձել նաև, որ նրան մեղադրանք է առաջադրվել Արմավիրի մարզի «Մուսալեռ» հուշահամալիրի հարևանությամբ գտնվող հողատարածքները, առանց համատեղ սեփականատերերի իմացության, ՀՀ և օտարերկրյա քաղաքացիներին վաճառելու համար։ Ըստ ոստիկանության 2010 թ. հաղորդագրության՝ նա այդկերպ, 26 անձի վնաս պատճառելով, հափշտակել է 309 միլիոն 657 հազար դրամ:
Ընթրիքին մասնակցում էր նաև DIGNISI անշարժ գույքի գործակալության համահիմնադիր Կարեն Անախասյանը։
Աննա Հակոբյանի հետ ընթրելու էր եկել նաև «Նոր Զովք» սուպերմարկետների ցանցի փոխտնօրեն Ռաֆայել Խաչատրյանը։
Հիշեցնենք, որ դեռ 2023 թվականի մարտին ձերբակալվել էին «Նոր Զովք» ընկերության սեփականատեր Ա.Ա.-ն, տնօրեն Ռ.Ա.-ն, գլխավոր հաշվապահ Ս.Ս.-ն, ծրագրային ապահովման ոլորտում գործունեություն իրականացնող ՍՊԸ սեփականատեր Վ.Ս.-ն՝ «Նոր Զովքում» առերևույթ հարկային չարաշահումներ կատարելու, տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմամբ իրացման շրջանառությունն առանձնապես խոշոր չափերով նվազ ցույց տալու միջոցով հարկային պարտավորությունները չկատարելու համար։
Աննա Հակոբյանի հիմնադրամին գումար նվիրաբերելուց հետո՝ ՀՀ ՊԵԿ նախագահն արեց սպասված և ակնկալելի հայտարարություն. «Մոտավորապես 4.2 մլրդ գումար վերականգնվել է, և մեր օրենսդրությամբ նախատեսվում է, որ եթե հարկերն ու տույժերը վերականգնվում են պետական բյուջե, պետությանը պատճառման վնասը հատուցվում է, քրեական վարույթը ենթակա է կարճման»:
Ռուստամ Բադասյանն անդրադարձել էր նաև այն հանգամանքին, որ «Նոր Զովքի» սեփականատերերը մասնակցել են նաև ընթրիքին, սակայն Բադասյանը գործի կարճման պատճառը չհամարեց ընթրիքին մասնակցելը։
Այնինչ, գրեթե բոլոր մասնակիցներն ունեցել են առերևույթ կապ քրեական գործերի, կալանքների, անգամ՝ հետախուզումների հետ։ Իշխանությունն էլ գտել է բիզնեսմենների աքիլլեսյան գարշապարը և պարբերաբար վախեցնում է, որ իրենց սրտի ուզածը չանելու դեպքում՝ նիզակը կհասնի գարշապարին»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։