«Ուրարտու»-ն «Ֆասթ Մեդիայի»-ն մեղադրում է ոչ պրոֆեսիոնալիզմի և անլուրջ մոտեցման մեջ
«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը, պատասխանելով համացանցում շրջանառվող «Ֆասթ Մեդիայի» երեկվա հայտարարությանը, ցանկանում է առանձնացնել մի քանի կետ.
«Հեռուստաալիքի ընտրած հրավերի ձևաչափը (եթե այս հայտարարությունը կարելի է նույնիսկ այդպիսին անվանել) ընդունելի չէ։
Հրավերը հրապարակվել է հեռարձակման նախատեսված ժամից 24 ժամ առաջ։ Իսկ նոյեմբերի 4-ի երեկոյան ակումբի պաշտոնական էլեկտրոնային փոստին ուղարկված նամակը (սոցցանցերում հրապարակվելուց հետո) ուղղակիորեն խոսում է խնդրի նկատմամբ հեռուստաընկերության ոչ պրոֆեսիոնալիզմի և անլուրջ մոտեցման մասին։
Ամենից շատ հարցեր է առաջացնում կարևոր քննարկումներ անցկացնելու ընտրված ձևաչափը՝ թոք-շոուն։
«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը գիտակցում է բաց երկխոսության կարևորությունն ու անհրաժեշտությունը հայկական ֆուտբոլային համայնքում և միշտ բաց է նման միջոցառումների համար։ Այնուամենայնիվ, որպեսզի այս երկխոսությունը արդյունավետ լինի, այն պետք է կազմակերպվի և անցկացվի համապատասխան մասնագիտական մակարդակով, ակումբը պետք է նախապես տեղյակ լինի օրվա և հեռարձակման մասին, ինչպես նաև տեղյակ լինի, թե ովքեր են ներկայացնելու ներգրավված մյուս կողմերին»։
«Ֆասթ Մեդիա»-ն երեկ տարածել է հայտարարություն, որտեղ մասնավորապես ասված է.
««Ֆասթ Մեդիա»-ն՝ որպես Հայաստանի ազգային սպորտային հեռարձակող, նոյեմբերի 5-ին թոք շոուի ձևաչափով հրավիրում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի, Fastex ՊԼ ակումբներ «Ուրարտուի», «Փյունիկի» և «Շիրակի», ինչպես նաև մյուս ակումբների և ՖԱՖ ու Red Eagles երկրպագուական շարժումների ներկայացուցիչներին՝ ներկայացնելու իրենց տեսակետները, անհանգստություններն ու կարծիքը ֆեդերացիայի նախագահի հրաժարականի, հասարակական ակցիաների, հայկական ֆուտբոլի ապագայի շուրջ»։