«Ժողովուրդ». ՔՊ վարչությունում ավելի նեղ ֆորմատով կրկին կքննարկեն Անդրանիկ Քոչարյանի և Հովիկ Աղազարյանի վարքը
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Իշխող կուսակցության ներսում իրավիճակը գնալով թեժանում է. ներպալատական գզվռտոցները նոր փուլ են թևակոխում: Այսօր ՔՊ վարչությունում ավելի նեղ ֆորմատով կքննարկեն Անդրանիկ Քոչարյանի և Հովիկ Աղազարյանի վարքը:
Երեկ արդեն ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը նախատեց Անդրանիկ Քոչարյանին, որը ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին ԱԺ նախագահությունում էր նստեցրել՝ իր կողքին, մյուս ուժայիններին՝ ներքևում: Այս ուշացած արձանագրումը պատահական չէր. մինչ այս Ալեն Սիմոնյանը լուռ էր: Նա, ըստ ամենայնի, սպասում էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի կարծիքին, երբ ՔՊ ակտիվի հավաքի օրը կռահել է այն, երեկ արդեն որպես սեփական կարծիք արտահայտեց:
Ինչևէ, «Ժողովուրդ» օրաթերթը իշխանությանը մոտ կանգնած իր աղբյուրներից տեղեկացավ, որ այսօր ՔՊ-ական վերնախավը վարչության նիստում Նիկոլ Փաշինյանի հետ, ի թիվս ներքաղաքական այլ հարցերի, կքննարկի նաև ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի պաշտոնանկության հարցը և ՔՊ խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանի պահվածքը՝ հոկտեմբերի 15-ի ԱԺ լսումների ժամանակ դրսևորած: Նախատեսվում է, որ երբ վարչության նիստն ավարտվի, ձևավորված տրամադրություններից հետո միայն ՔՊ-ն նաև խմբակցության նիստ կհրավիրի Անդրանիկ Քոչարյանի պաշտոնանկության հարցով. իշխանական պատգամավորները կքվեարկեն, և իրենց համաձայնության դեպքում Անդրանիկ Քոչարյանի պաշտոնանկության հարցով նախաձեռնությունը կմտնի նաև ԱԺ լիագումար նիստերի օրակարգ:
ԱԺ կանոնակարգ օրենքի 149-րդ հոդվածի համաձայն՝ մշտական հանձնաժողովի նախագահի լիազորությունների դադարեցման մասին Ազգային ժողովի որոշման նախագիծ ներկայացնելու իրավունք ունի խմբակցությունը:
Մշտական հանձնաժողովի նախագահի լիազորությունների դադարեցման մասին Ազգային ժողովի որոշումն ընդունվում է գաղտնի քվեարկությամբ, քվեարկությանը մասնակցող պատգամավորների ձայների մեծամասնությամբ, եթե քվեարկությանը մասնակցել է պատգամավորների ընդհանուր թվի կեսից ավելին:
«Ժողովուրդ« օրաթերթը կհետևի ներպալատական խարդավանքներին, որոնք հրահրվել են մեծապես Անդրանիկ Քոչարյանի կողմից, և կիրազեկի ընթացքի մասին»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան