«Մի անգամ 3000 դրամի բեռ ենք դնում, ես զարմանում եմ, ուղղակի զարմանում». Գևորգ Պապոյանը՝ ՔՊ-ական Աղազարյանին
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը քննարկել է «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում և Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ մախատեսող օրենքների նախագծերի փաթեթը: Նախաձեռնությունը ներկայացրել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը:
Օրենքի նախագծով առաջարկվող փոփոխությունները միտված են կանխելու սպառողներին մոլորության մեջ գցող գործողությունները, ինչպես նաև պաշտպանելու մարդու կյանքն ու առողջությունը:
ԱԺ կայքից տեղեկանում ենք, որ նախաձեռնությամբ նախատեսվում է կանոնակարգել կաթնամթերքի վաճառքի դեպքում դարակաշարերին ներկայացվող պահանջները՝ սահմանելով գունային տարանջատում: Առանց կաթնային յուղի (կաթնային ճարպի) կաթնամթերքի վաճառքի դեպքում տարանջատված դարակաշարը պետք է ապահովված լինի կանաչ գույնով, իսկ կաթնային յուղի փոխարինիչի դեպքում` նարնջագույնով, ինչը միտված է կանխելու սպառողներին մոլորության մեջ գցող գործողությունները, ինչպես նաև սահմանել կամավոր հիմունքով գունային ինքնակպչուն պիտակների վերաբերյալ դրույթը, առևտրի օբյեկտներում և առևտրի վայրերում սպառողի կողմից տեղական արտադրության կենդանական ծագման մթերքի և հումքի նույնականացման հետ կապված հարաբերությունները: Ըստ այդմ՝ սպանդանոցային ծագման տեղական արտադրության կենդանական ծագման մթերքի և հումքի N 5 ձևի անասնաբուժական վկայականը կամ պիտակը պետք է փակցվի սպառողներին տեսանելի տեղում, ինչը սպառողին հնարավորություն կտա նույնականացնել մթերքի կամ հումքի ծագումը:
Առաջարկվող կարգավորումների հետ որոշ տարակարծություններ կային, հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանի առաջարկով նախագծի վերաբերյալ քվեարկությունը լրացուցիչ քննարկելու նպատակով հետաձգվել է: Աշխատանքային քննարկմանը կհրավիրվեն նաև մասնագետներ:
Առաջարկն ընդունվել է, հարցի քվեարկությունը տեղի կունենա հանձնաժողովի հաջորդ նիստում:
Գևորգ Պապոյանը քննարկման ժամանակ ասաց. «Քանի որ այնպիսի տպավորություն է, որ մենք բեռ ենք դնում, ուղղակի ուզում եմ ասել՝ սպառողների իրավունքների պաշտպանության համար, այո։ 100 քմ տարածք ունեցող մի քանի տասնյակ կամ հարյուրավոր միլիոն դրամի շրջանառություն ունեցող խանութի վրա մի անգամ 3000 դրամի բեռ ենք դնում»։
ՔՊ-ական Հովիկ Աղազարյանն արձագանքեց. «Դա բեռ չէ։ Կարևոր է հետոն»։
«Հետոն ո՞րն է»,- հարցրեց Պապոյանը։
«Տեսչական մարմինը գնա, ստուգի ու պրոբլեմներ սարքի»,- ասաց Աղազարյանը։
«Չի կարող տեսչական մարմինը ստուգի, պրոբլեմներ սարքի, քանի որ կամերա կա։ Ես զարմանում եմ, ուղղակի զարմանում»,- պատասխանեց Գևորգ Պապոյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան