«Ժողովուրդ». Օգտատերերը հորդորում են «սև ցուցակ» գցել «Երեմյաններ»-ին ու նրանց պատկանող ռեստորանները
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Հայաստանի 1000 խոշոր հարկատուների ցանկի 141-րդ տողում տեղ գտած «Հայր և որդի Երեմյաններ» ՍՊ ընկերության դեմ արշավ է սկսվել։ Համացանցում օգտատերերը հորդորում են «սև ցուցակ» գցել «Երեմյաններ» ընկերությանը և նրանց պատկանող ռեստորանները:
Իսկ ի՞նչն է նման աղմուկի պատճառը։ Բանն այն է, որ «Հայր և որդի Երեմյաններ» ՍՊԸ-ի սեփականատեր Դավիթ Երեմյանն օրերս դարձյալ հանդիպում էր ունեցել վարչապետի տիկին Աննա Հակոբյանի հետ, խոնարհվելով բարևել էր նրան, ինչը ֆիքսել են կադրերում: Հենց դրանից հետո սկսեցին հորդել բացասական մեկնաբանությունները և հրապարակումները։ Օգտատերերից շատերը հրապարակումներ արեցին, որ չպետք է այլևս այցելել Երեմյաններին պատկանող «Լավաշ», «Շերեփ», «Պանդոկ Երևան», «Սիզնս» ռեստորաններ, և ընկերների ցանկից պետք է հեռացնեն Դավիթ Երեմյանին:
Այս ամենի պատճառը իշխանությունների հետ մերձեցումն է, քանի որ Դավիթ Երեմյանը, կարծես, դարձել է իշխանության «կից գործարարը»: Նա գրեթե բաց չի թողնում ոչ մի իշխանական միջոցառում կամ դրամահավաք։ Նա եզակիներից է, որ պետական և միջազգային ֆինանսավորմամբ ստեղծել է խելացի անասնագոմ։
Դավիթ Երեմյանը միակն է, որ Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդից՝ ԱՆԻՖ-ից, ստացավ գյուղատնտեսությունը զարգացնելու համար ներդրում։ Նա նաև Էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանի հետ, որպես պատվիրակության անդամ, 2023 թվականին մեկնել էր Լոնդոն։ Ի՞նչ է սա, եթե ոչ իշխանության «կցորդ օլիգարխի» վարքագիծ։
Ի դեպ, հոկտեմբերի 31-ին կայացած «հաջողակ տղամարդկանց» թանկարժեք ընթրիքն էլ հենց Երեմյանների բարձրաճաշակ «Լիվինգսթոնում» էր կազմակերպվել»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում