Սա բոլորովին չի նշանակում, որ Նիկոլ Փաշինյանի դիրքերի ամրությունը աներեր է. Քաղաքական մեկնաբան
«Ըստ իս բավականին մակերևութային է գնահատականը, թե Նիկոլ Փաշինյանը խաղադրույք էր արել դեմոկրատների վրա և հիմա մնում է ձեռնունայն»,-արձագանքելով տարբեր քաղաքագետների հնեչացրած մեկնաբանությունների՝ նշում է քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը։
Նրա խոսքով, գուցե ներքաղաքական «շրջանառության» տեսանկյունից կատարվում է քարոզչական էֆեկտի հաշվարկ, չեմ կարող ասել, սակայն իրական, խորքային քաղաքական հաշվարկի առումով՝ ըստ իս գնահատականը մակերևույթի վրա է:
«Խորքում պատկերն այլ է, ինչի վկայություններից մեկն է օրինակ հենց այն, որ Փաշինյանը մասնակցեց հոկտեմբերի սկզբին Մոսկվայում ԱՊՀ երկրների գագաթնաժողովին ու Պուտինի ծննդյան տարեդարձին, հետո՝ ԲՐԻԿՍ+-ին, և ընդհանրապես դեռ օգոստոսից էապես փոխեց հռետորաբանությունը Ռուսաստանի հանդեպ:
Եվ մի առանցքային բան ևս, որ տեղի ունեցավ դեռևս հուլիսին՝ Փաշինյանը հրաժարվեց Բրիտանիայի վարչապետի նախաձեռնությամբ Ալիևի հետ հանդիպումից:
Ես էլ չեմ խոսում այն մասին, որ տևական ժամանակ նա փորձեց վարել Հունգարիայի հետ հարաբերության վերականգնման քաղաքականություն:
Մշտապես շեշտում եմ, որ այդ քաղաքականության վարման կոմպետենտության, բովանդակության հարցերը բնականաբար բաց են, այստեղ ստույգ գնահատականի համար պետք են մի քանի «խորհրդապահական» ելակետեր, որոնք ես չունեմ:
Բայց «հույս» փայփայել, թե դեմոկրատական վարչակազմի հեռանալը քանդել է Փաշինյանի քաղաքական անվտանգության ճարտարապետությունը, կարծում եմ քիչ կապ ունի բուն իրականության հետ:
Սա բոլորովին չի նշանակում, որ Նիկոլ Փաշինյանի դիրքերի ամրությունը աներեր է: Բոլորովին, այսօր այդ իմաստով երաշխիք չունի մեր տրամաչափի երկրի որևէ քաղաքական իշխանություն, առավել ևս Նիկոլ Փաշինյանը: Բայց, այդ հանգամանքի հետ կապված հարցերում ԱՄՆ վարչակազմի՝ դեմոկրատ, թե հանրապետական լինելը վճռորոշ գործոնների շարքում չէ:
Իհարկե այլ հարց է, որ հայկական ավանդական քաղաքական «մտածողությունը» այսպես, թե այնպես, հենվում է արտաքին գործոնների վրա և հիմնական հույսերը կապում դրանց հետ, անկախ ձևակերպումներից ու շեշտադրումներից:
Իսկ դա խորքային քաղաքական խնդիր է, որը հիմքից է «ամլացնում» Հայաստանում քաղաքական սուբյեկտության ներուժը»։
Հարակից հրապարակումներ`
- Փաշինյանի քաղաքականության բանկրոտը. Սուրենյանց
- Քաղաքագետ. Ինչպես միշտ, ՔՊ-ի պարագլուխը սխալ խաղադրույք է արել
Լրահոս
Տեսանյութեր
Ժողովուրդը լրիվ անտեսված է, ամեն ինչ ի շահ իշխանության է արվում. Երևանցիները՝ տրանսպորտի մասին