Լրագրող Վահե Մակարյան. ԱԺ նախկին որևէ նախագահ իրեն թույլ չէր տալիս լրագրողի հասցեին որևէ անպարկեշտ արտահայտություն
«Տաս տարուց ավելի լուսաբանում եմ խորհրդարանի աշխատանքը, տեսել եմ Ազգային ժողովի մի քանի նախագահ, անկախ այդ մարդկանց քաղաքական հայացքներից, գործունեությունից, ինչպես էինք իրենց վերաբերվում, ինչ ուժգնությամբ էինք քննադատում, ես երբևէ այդ մարդկանց կողմից որևէ անհարգալից վերաբերմունք չեմ նկատել որևէ լրագրողի նկատմամբ»,- MediaHub-ի եթերում ասել է «Մեդիահաբ»-ի լրագրող Վահե Մակարյանը՝ անդրադառնալով հոկտեմբերի 31-ին Ազգային ժողովում իր և Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի միջև տեղի ունեցած միջադեպին։
Շարունակելով խոսքը՝ Վահե Մակարյանը նշել է. «Հովիկ Աբրահամյան, Գալուստ Սահակյան, Արա Բաբլոյան, որևէ մեկը իրեն թույլ չէր տալիս լրագրողի հասցեին որևէ անպարկեշտ արտահայտություն, բոլոր հնարավոր ձևերով, լծակներով սահմանափակել լրագրողների աշխատանքը, կամ թույլ տային, որ իրենց թիկնապահները գային ու լրագրողի ձեռքերը բեռնեին, որ Ազգային ժողովի նախագահը չգիտեմ ինչ անի լրագրողի նկատմամբ։
Իսկ Ալեն Սիմոնյանը, երբ որ այդ միջադեպի ժամանակ իմ հասցեին վիրավորական արտահայտություններ հնչեցրեց, ես էլ փոխադարձեցի, կտրուկ եկավ ինձ վրա, ես էլ նրան ընդառաջ գնացի՝ հասկանալու, թե ինչ է ուզում։ Փաստն այն է, որ Ալեն Սիմոնյանի թիկնապահները բռնեցին իմ ձեռքերը, ես ուղղակի շոկի մեջ սպասում էի՝ տեսնելու, թե հաջորդ քայլը որն է լինելու, Սիմոնյանը սովորության համաձայն ինչ գործողություն է անելու։ Հիշում ենք իր մասնակցությամբ հայտնի սկանդալային միջադեպը Կասկադում»։
Աժ-ում տեղի ունեցած միջադեպից հետո լրագրողի գործունեությունը խոչընդոտվել է, Վահե Մակարյանն այլևս ԱԺ աշխատանքը լուսաբանելու հնարավորություն չունի։
«Ամենայն հավականությամբ, կվիճարկենք, այն հիմքերը, որոնք ներկայացրել են, ծիծաղելի են, զավեշտալի։ Ալեն Սիմոնյանը, հավանաբար, Նիկոլ Փաշինյանին հաճոյանալու համար, որ տեսեք՝ կանգնել եմ քո թասիբին, որոշել է զրկել լրագրողին հավատարմագրումից։
Ազգային ժողովի նախագահն իրեն պահում է ոչ Ազգային ժողովի նախագահի պաշտոնին հարիր, բոլոր լրագրողների համար հետևության առիթ լինի, իմանան՝ ում հետ, ինչպես են հարաբերվում, ցանկացած բան կարող է քո գլխին փորձանք դառնալ, մոտենաս, հարց տաս, ինքը որոշի՝ այդ հարցն իր դուրը չի գալիս ու հարձակվի լրագրողի վրա»,- ասել է Վահե Մակարյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։