Մեր կառավարությունը պատրաստ չէ երկրի ինքնիշխանությունը զիջել լոլիկով. Գևորգ Պապոյան
«Եթե 100 մեքենա գնում է Ռուսաստան և մեկ մեքենայի մեջ գտնում են, որ պեստիցիդը շատ է, ասե՞նք սահմանափակում կա։ Ասենք պեստիցիդը շատ է՝ ի՞նչ խնդիր կա»,-պատասխանելով Ռոսպոտրեբնադզորի կողմից հայկական գյուղմթերքի մուտքը ՌԴ արգելելու դեպքերի քաղաքական հիմքերի մասին հարցին՝ ԱԺ-ում լրագրողներին ասաց էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
Նա հայտարարեց, թե կառավարությունն ինքն է իր առաջ այդ որակի պահանջները դնում։
Պապոյանը նշեց, որ եթե հայկական գյուղմթերքի մի խմբաքանակը վնասված է, կամ թունաքիմիկատները շատ են, ապա այն չպետք է այլ երկիր գնա, քանի որ այն երկրի պատվի հարց է։
Նախարարը հայտարարեց, որ խնդիրներ չի տեսնում ՌԴ-ի իր գործընկերների հետ քննարկումների ժամանակ և այդտեղ քաղաքական պատճառներ չկան։
«Ծիրան և ինքնիշխանություն բանաձևը ես չեմ պատրատվում փոխել։ Չեմ պատրաստվում որևէ երկրի ղեկավարությանը խնդրել, ասել՝ կլինի՞ մեր այս մի բեռանատար վատ ծիրանն ընդունեք, ոչ։ Որովհետև, եթե դու որևէ մեկին խնդրում ես, որ քո վատ ծիրանը, լոլիկը, կամ որևէ այլ բանն ընդունի, ապա այն տեղի է ունենում քո ինքնիշխանության հաշվին։ Այն, ինչը քո օրենքներից դուրս է, այն տեղի է ունենում քո ինքնիշխանության հաշվին։ Այս կառավարությունը պատրաստ չէ մեր ինքնիշխանությունը զիջել լոլիկով կամ ծիրանով»,-հայտարարեց էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
Հարակից հրապարակումներ`
- ԱՄՆ-ի քաղաքականության վերլուծությունը շատ անշնորհակալ գործ է. Գևորգ Պապոյան
- Գյուղմթերքով բեռնված բազմաթիվ բեռնատարներ Վերին Լարսի անցակետից ետ են վերադառնում։