Կուստուրիցան հայտարարել է երաժշտական կարիերան ավարտելու մասին
Սերբ կինոռեժիսոր Էմիր Կուստուրիցան ասել է, որ ավարտել է իր երաժշտական կարիերան։ Նրա խմբի՝ «The No Smoking Orchestra» վերջին համերգները տեղի են ունեցել երկու տարի առաջ։
«Երկու տարի առաջ դադարեցի նվագել խմբի հետ: Վերջին համերգները կայացել են Փարիզում և Ռուսաստանում։ Համադրելով ժամանակակից և էթնիկ երաժշտությունը՝ մենք փորձեցինք թերապիա ստեղծել մարդկանց համար: Կարծում եմ՝ դա մեզ հաջողվեց»,- ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասել է նա։
Սակայն, Կուստուրիցայի խոսքով, 25 տարվա համատեղ ստեղծագործական գործունեությունից հետո խումբն ավարտել է իր կարիերան։
Կուստուրիցան նշել է, որ իրեն չի հետաքրքրում ժամանակակից ու հանրաճանաչ երաժշտությունը, նախընտրում է դասական ստեղծագործությունները։
«Ես ընդունում եմ դասական երաժշտությունը։ Ժամանակակից և հանրաճանաչ երաժշտության մեջ ինձ համար ոչ մի հետաքրքիր բան չեմ գտնում, չեմ կարող լսել»,- նշել Էմիր Կուստուրիցան։