Աննա Խաչատրյանը և Մաշա Մնջոյանը կատարում են Ազնավուրին նվիրված «Երբեք» երգը
Շառլ Ազնավուրի 100-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների շրջանակում տեղի կունենա մեծ շանսոնյեին նվիրված «Jamais» («Երբեք») երգի պրեմիերան (խոսք՝ Բատիստ Ֆոմերի, երաժշտություն՝ Շուշան Սարգսյանի):
ԿԳՄՍ նախարարության հաղորդմամբ, Ազնավուրի 100-ամյակի միջոցառումներին պետական միջոցներից ընդհանուր առմամբ տրամադրվել է 773 մլն 126 հզ դրամ:
Պրեմիերային ընդառաջ տեղի է ունեցած ասուլիսում ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը նշել է՝ որոշվել է շանսոնյեի հոբելյանական տարին նշանավորել ոչ միայն դասական ձևաչափով․ «Կարևոր էր տեսնել, թե այսօրվա հասարակությունը, հատկապես երիտասարդները, ինչպես են յուրացնում, ընկալում Ազնավուրի երաժշտական, կինոյի, թատրոնի, լուսանկարչական ժառանգությունը: Եվ հենց այս մոտեցման ծնունդն է «Jamais» («Երբեք») երգը, որն Ազնավուրին ընկալելու յուրօրինակ մոտեցում է»:
Կոմպոզիտոր Շուշան Սարգսյանը ներկայացրել է երգի ստեղծման պատմությունը, ոգեշնչման աղբյուրը:
«Այս երգը գրվել է Շառլ Ազնավուրի մահից մի քանի ամիս անց, երբ կարդացի նրա պատմություններից մեկը: Այնտեղ այնքան ասելիք կար՝ ինչից է սկսել և ուր է հասել: Այդ պատմությունն ինձ շատ ոգեշնչեց, և ես հասկացա, որ այն կարող է միշտ ոգեշնչվելու և երբեք չհանձնվելու դասագիրք ծառայել արվեստագետների համար: Այստեղից էլ ծնվեց «Երբեք» երգը»,- ասել է Շուշան Սարգսյանը:
Կոմպոզիտորի խոսքով, երգի կատարմանը մասնակցել են հայ և ֆրանսիացի էստրադային և օպերային երգիչներ:
«Ամեն ինչ պետք է լիներ լայն և ընդգրկուն, ինչպես Շառլ Ազնավուրի արվեստն ու փիլիսոփայությունն են: Այդ երգը չէր կարող սահմանափակվել մեկ երգչի կատարմամբ: Երգի գործիքավորումն իրականացվել է Ֆրանսիայում, իսկ ձայնագրման աշխատանքները՝ Հայաստանում և Ֆրանսիայում։ Պրոֆեսիոնալ մեծ թիմ է աշխատել այդ ուղղությամբ»,- ներկայացրել է նա:
Տեսահոլովակի ռեժիսոր Արտյոմ Բաղդասարյանի բնորոշմամբ, բոլոր ժամանակների համար միշտ արդիական Շառլ Ազնավուրին նվիրված երգը և տեսահոլովակը չէին կարող լինել հասարակ և ոչ մասշտաբային: Նա իրազեկել է, որ տեսահոլովակի նկարահանման համար կիրառվել են նեյրոցանցեր ու ամենաարդիական տեխնոլոգիաներ:
«Տեսահոլովակը նկարահանելիս մտածում էինք՝ ինչպես ներկայացնել այդ հսկային, որին լսում են բոլոր սերունդները։ Ե՛վ երգը, և՛ երաժշտությունը, և՛ երգիչների հավաքական սիմբիոզը շատ մասշտաբային են։ Եվ այն յուրատիպ ներկայացնելու համար ուսումնասիրեցինք ժամանակակից տեխնոլոգիաներն ու ստեղծեցինք հոլովակը, որը մեր տեսլականն է Ազնավուրի մասին»,- մանրամասնել է ռեժիսորը։
Ասուլիսին ներկա կատարող երգիչների խոսքով, մեծ պատիվ և պատասխանատվություն էր լինել այդ կարևոր նախագծի մասը և մասնակցել դրա կյանքի կոչմանը:
Նշենք, որ այսօր՝ ժամը 19:30-ին, տեղի կունենա «Jamais» («Երբեք») երգի տեսահոլովակի փակ նախադիտումը: Մյուս շաբաթվանից այն հասանելի կլինի լայն հասարակության համար:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին