Երևանում օտարերկրացիների վեճն ավարտվել է մարմնական վնասվածքներով
Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնում hոկտեմբերի 25-ին, կեսգիշերից քիչ անց ստացվել է ահազանգ, որ Կոմիտասի պողոտայում վիճաբանություն է օտարերկրացիների միջև, մեկ անձ դանակահարվել է:
Ոստիկանությունից հայտնում են, որ ահազանգը փոխանցվել է համայնքային ոստիկանության Արաբկիրի բաժին, որտեղից էլ օպերատիվ խումբը, նաև զարգացումները կանխելու նպատակով, հնարավորինս արագ մեկնել է դեպքի վայր: Այդ ընթացքում հաղորդում է ստացվել արդեն ոստիկանության բաժնում. հիվանդանոցից հայտնել են, որ շտապօգնության խումբը Կոմիտասի պողոտայից բուժօգնության էր տեղափոխել 30-ամյա օտարերկրացու` կրծքավանդակի ծակած վերքով:
Առաջին ահազանգերից մոտ երեք ժամ անց ստացվել է ևս մեկ հիվանդանոցային հաղորդում. «Երևան» բժշկական կենտրոնից հայտնեցին, որ դաստակի սալջարդով և ձեռքի կտրած վերքով բուժօգնության են դիմել 26 և 27 տարեկան օտարերկրացիներ:
Արաբկիրի ոստիկանների հետագա միջոցառումների արդյունքում, հենց բժշկական կենտրոնի մոտ գիշերվա ժամը 4.15-ին, մարմնական վնասվածք պատճառելու հիմնավոր կասկածանքով, 26-ամյա օտարերկրացին ձերբակալվել է ու տեղափոխվել Համայնքային ոստիկանության Արաբկիրի բաժին:
Հետագա միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ, երբ իրավապահներն արդեն ճշտել էին վիճաբանության մասնակիցների շրջանակը, բաժին է ներկայացել ևս մեկ օտարերկրացի, որը, ըստ հավաստի տեղեկությունների, նույնպես մասնակցել էր վիճաբանությանն ու պատճառել մարմնական վնասվածք:
Օտարերկրացիներն ու կազմված փաստաթղթերը ներկայացվել են քննչական բաժին: Հանգամանքները պարզվում են։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: