Խափանումներ «Telcell»–ում. ընկերությունը հայտարարություն է տարածել
«Telcell Wallet» առցանց հավելվածը խափանվել էր գերծանրաբեռնվածության պատճառով, այժմ արդեն այն գործում է։ Այս մասին հայտարարություն է տարածել «Telcell»–ը։
«Հաշվի առնելով վերջին օրերին «Telcell Wallet»-ի հետ կապված որոշ գործարքների ձգձգումը կամ չեղարկումը՝ տեղեկացնում ենք, որ նման խափանումները պայմանավորված են համակարգի գերծանրաբեռնված լինելու, բազմաթիվ հաճախորդների կողմից «Telcell» ընկերության ծառայություններից օգտվելու հանգամանքով, ինչպես նաև որոշ գործընկերների համակարգերի խափանումներով»,– ասված է հայտարարության մեջ։
Նշվում է, որ ներկա պահին «Telcell» համակարգը լիարժեք գործում է, և ամեն ինչ արվում է ընկերության ծառայությունների բնականոն աշխատանքն ապահովելու համար։
Նշենք, որ Երևանում այս հավելվածից են օգտվում հասարակական տրանսպորտից օգտվելու դեպքում QR կոդ ստանալու համար։
Հիշեցնենք նաև, որ նոյեմբերի 1-ից Երևանի բոլոր ավտոբուսներում և մետրոյում ուղևորներն արդեն պարտադիր պետք է վճարեն կա՛մ էլեկտրոնային վալիդատորների միջոցով (QR կոդերով), կամ 100 դրամ գցեն հատուկ սարքի մեջ։