ԱԺ նախագահը և ՔՊ-ական երկու պատգամավոր առաջարկում են տեղափոխություն կատարել օրհներգում
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանը և Թագուհի Ղազարյանը առաջարկում են «Հայաստանի Հանրապետության օրհներգի մասին» օրենքում փոփոխություններ կատարել, մասնավորապես, առաջարկում են վերջին քառատողը տեղափոխել տեքստի միջնամաս։
«Հայաստանի Հանրապետության օրհներգի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը դրված է պաշտոնապես շրջանառության մեջ, նստաշրջանի օրակարգում դեռևս ընդգրկված չէ։
Նրանք առաջարկում են ՀՀ պետական օրհներգի տեքստը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՕՐՀՆԵՐԳԻ ՏԵՔՍՏԸ
(Հիմնված Միքայել Նալբանդյանի խոսքերի վրա)
Մեր Հայրենիք, ազատ, անկախ,
Որ ապրել է դարեդար,
Իր որդիքը արդ կանչում է
Ազատ, անկախ Հայաստան:
Ամենայն տեղ մահը մի է,
Մարդ մի անգամ պիտ մեռնի,
Բայց երանի, որ յուր ազգի
Ազատության կզոհվի:
Ահա եղբայր, քեզ մի դրոշ,
Զոր իմ ձեռքով գործեցի,
Գիշերները ես քուն չեղա,
Արտասուքով լվացի:
Նայիր նրան՝ երեք գույնով
Նվիրական մեկ նշան,
Թող փողփողի թշնամու դեմ,
Թող միշտ պանծա Հայաստան:
Նախագծում նշվում է.
«Ընթացիկ իրավիճակը ևիրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
ՀՀ օրհներգը տարաբնույթ միջոցառումների (հիմնականում մարզական, մշակութային) ժամանակ հնչում է կարճ տարբերակով՝ պայմանավորված տվյալ միջոցառումների առանձնահատկություններով և եթերաժամանակով: Նշված դեպքերում նույնպես բացակայում է միասնական մոտեցում և կարիք կա մշակելու մեկ միասնական ստանդարտ: Հետևաբար, նախագծով ՀՀ կառավարությանը լիազորություն է տրվում վերոնշյալ օրենքի հավելվածի տեքստին և երաժշտությանը համապատասխան սահմանել ՀՀ օրհներգի կարճ խմբագրությամբ տարբերակը:
Նպատակահարմար է նաև փոփոխություն կատարել ՀՀ օրհներգի տեքստի մեջ, այն վերադասավորել այնպես, որ ավարտվի հետևալ քառատնով՝
«Նայիր նրան՝ երեք գույնով
Նվիրական մեկ նշան,
Թող փողփողի թշնամու դեմ,
Թող միշտ պանծա Հայաստան», համապատասխան տրամաբանությամբ և ուղերձով:
Հարկ է նշել նաև, որ վերջին շրջանում ՀՀ օրհներգը որոշ միջոցառումների ժամանակ հնչել է նշված տարբերակով և հավանության է արժանացել հանրության շրջանակների կողմից:
Առաջարկվող կարգավորման նպատակը և ակնկալվող արդյունքը.
Առաջարկվող կարգավորումը նպատակ ունի սահմանել և հրապարակել ՀՀ օրհներգի պաշտոնական և առանձին դեպքերի համար նախատեսված տարբերակը, որոշակիացնել դեպքերը օրհներգի ամբողջական և կարճ խմբագրությամբ օգտագործվելու համար»։
Հայաստանի Հանրապետության Գերագույն Խորհրդի 1991 թ. հուլիսի 1-ի որոշմամբ, որպես երկրի օրհներգ ընդունվել է Հայաստանի Առաջին Հանրապետության /1918-1920թթ./ օրհներգը: 2006թ. դեկտեմբերի 25-ին ընդունվել է «Հայաստանի Հանրապետության օրհներգի մասին» ՀՀ օրենքը: ՀՀ օրհներգը «Մեր հայրենիքն» է: Տեքստի հեղինակն է Միքայել Նալբանդյանը, երաժշտությունը՝ Բարսեղ Կանաչյանի:
«Մեր հայրենիք»
Մեր Հայրենիք, ազատ անկախ,
Որ ապրել է դարե դար
Իր որդիքը արդ կանչում են
Ազատ, անկախ Հայաստան։
Ահա եղբայր քեզ մի դրոշ,
Զոր իմ ձեռքով գործեցի
Գիշերները ես քուն չեղա,
Արտասուքով լվացի։
Նայիր նրան երեք գույնով,
Նվիրական մեկ նշան
Թող փողփողի թշնամու դեմ
Թող միշտ պանծա Հայաստան։
Ամենայն տեղ մահը մի է
Մարդ մի անգամ պի՛տ մեռնի,
Բայց երանի՝ որ յուր ազգի
Ազատության կզոհվի:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան