Միրզոյանն անդրադարձել է տարածաշրջանային տնտեսական ու տրանսպորտային կապուղիների ապաշրջափակման հարցերին
Նոյեմբերի 7-ին Բուդապեշտում աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մասնակցել է Հունգարիայի արտաքին գործերի և առևտրի նախարար Պետեր Սիյարտոյի կողմից կազմակերպված աշխատանքային նախաճաշին: Հանդիպումը կայացել է Հունգարիայի մայրաքաղաքում անցկացվող Եվրոպական քաղաքական համայնքի հինգերորդ գագաթաժողովի շրջանակներում: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։
«Հանդիպման ընթացքում ՀՀ ԱԳ նախարարն անդրադարձ է կատարել տարածաշրջանային հարցերի: Նախարար Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում վերջին զարգացումները, այդ թվում՝ երկու երկրների միջև սահմանազատման գործընթացի առնչությամբ, ինչպես նաև ջանքերը խաղաղության պայմանագրի կնքման ուղղությամբ:
Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային տնտեսական ու տրանսպորտային կապուղիների ապաշրջափակման հարցերի, այդ թվում՝ ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» նախագծին՝ որպես տարածաշրջանային կայունության ապահովման կարևոր գործոն»,- նշված է հաղորդագրությունում։
Լրահոս
Տեսանյութեր
Վ.Հակոբյան. Ռուսաստանի հետախուզությունն ասում է՝ գիտենք, ինչ փողեր են գալիս, ում գրպաններն են մտնում