Հայաստանում գրանցված սննդային հավելումների առգրավման հետքերով
Օրեր առաջ Ռոսպոտրեբնադզորը տարածել էր հաղորդագրություն հնարավոր ռիսկի պատճառով Հայաստանում գրանցված սննդային հավելումների առգրավման մասին։ Նշված է, որ խնդրի մասին տեղյակ է պահվել հայկական կողմին։
Panorama.am-ը գրավոր հարցում էր ուղարկել կառավարություն՝ պարզելու, թե ի՞նչ քայլեր են ձեռնարկվել ռուսական կողմի՝ խնդրի մասին հրապարակային կերպով ահազանգելուց հետո։ Կառավարությունից հարցումը վերահասցեագրել են Էկոնոմիկայի նախարարություն։ Այստեղից հարցերին պատասխանել է նախարարության գլխավոր քարտուղար Հայկազ Նասիբյանը։
Panorama.am- Հաղորդագրության տարածումից հետ ի՞նչ է պարզել կառավարությունը, ո՞ր ընկերությունների արտադրած հավելումներն են իրենցից վտանգ ներկայացնում։
Հայկազ Նասիբյան-Այսպիսի գործընթացները կրում են շարունակական բնույթ և առաջին անգամ չէ, որ ԵԱՏՄ անդամ երկրների միջև փոխանակվում է նման տեղեկատվություն հնարավոր ռիսկերը կանխատեսելու և կանխարգելելու համար։
Ինչ վերաբերում է ՌԴ վերահսկողության ծառայության (Роспотребнадзор) գրությանը, ապա տեղեկատվության ստացումից հետո անհրաժեշտ միջոցառումներ են ձեռնարկվում պարզելու համար հնարավոր ռիսկերը առկա են թե ոչ։
Panorama.am- Հայկական կողմին տրամադրվե՞լ է վտանգ ներկայացնող հավելումների ցանկը, եթե այո, խնդրում ենք այն տրամադրել Panorama.am-ի խմբագրությանը։
Հայկազ Նասիբյան-Ռոսպոտրեբնադզորի կողմից հայկական կողմին է տրամադրվել ԵԱՏՄ տվյալ տեխնիկական կանոնակարգով սահմանված պահանջներին, ըստ իրենց, չհամապատասխանող արտադրանքների (հավելումների) ցանկը: ԵԱՏՄ երկրների մակարդակով հաճախ է փոխանակվում տեղեկատվություն ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգերին արտադրանքների անհամապատասխանության մտավախությունների մասին։
Ներկայումս ուսումնասիրության փուլում է գտնվում ռուսական կողմից հայկական կողմին տրամադրված արտադրանքների համապատասխանությունը ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգերով սահմանված պահանջներին։
Panorama.am- Այդ հավելումները շրջանառության մեջ են նաև հայաստանյա՞ն շուկայում, թե՞ ոչ։ Եթե այո, ի՞նչ քայլեր են ձեռնարկվել հավելումները շուկայից դուրս բերելու ուղղությամբ։
Հայկազ Նասիբյան- Այս հարցի պատասխանը ՀՀ էկոնոմիկայի նախարարության իրավասության շրջանակներից դուրս է:
Panorama.am- Ո՞ր սեկտորի կողմից է իրականացվել հավելումների գրանցումը, պետական մարմնի թե՞ պետական մարմնի կողմից հավատարմագրված մասնավոր ընկերության։ Եթե ընկերության կողմից է իրականացվել գրանցումը, խնդրում եմ տրամադրել ընկերության տվյալները։
Հայկազ Նասիբյան-Պետական գրանցում իրականացնում են Եվրասիական տնտեսական միության սերտիֆիկացման մարմինների և փորձարկման լաբորատորիաների միասնական ռեեստրում ներառված (հավատարմագրված) ու Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերի պահանջներին համապատասխան նշանակված համապատասխանության գնահատման մարմինները։
Panorama.am- Ռոսպոտրեբնադզորի կողմից խնդրի բարձրաձայնումից հետո սերտիֆիկատների վավերականությունը ստուգվե՞լ է, ի՞նչ է պարզվել։ Հետագայում նմանատիպ խնդիրների կանխարգելման համար ի՞նչ քայլեր է ձեռնարկելու կառավարությունը։
Հայկազ Նասիբյան-Կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 22-ի N 1339-Ն որոշումը սահմանում է պարենային և ոչ պարենային արտադրանքի գրանցում իրականացնող իրավասու մարմինների ցանկը։
ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից շարունակաբար իրականացվում են ոլորտը կանոնակարգող ազգային օրենսդրական ակտերի վերանայման և իրավական բացերի վերացման աշխատանքներ:
Հ.Գ. Էկոնոմիկայի նախարարությունից հրաժարվեցին ԵԱՏՄ տվյալ տեխնիկական կանոնակարգով սահմանված պահանջներին չհամապատասխանող հավելումների ցանկը տրամադրել խմբագրությանը՝ նշելով, որ ուսումնասիրություններ են իրականացվում։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան