«Ժողովուրդ». Անդրանիկ Քոչարյանը ժամանակ է ձգում՝ երկարաձգելով իր պաշտոնանկության հարցի քննարկումը
«Ժողովուրդ» թերթը գրում է.
««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ առաջիկայում ՄԻԵԴ-ը կստանա Ռոբերտ Քոչարյանի գործը քննող նախկին դատավոր Աննա Դանիբեկյանի դիմումը։ Ինչպես հայտնի է, ՀՀ Բարձրագույն դատական խորհուրդը դադարեցրեց Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանի լիազորությունները՝ կարգապահական էական խախտման հիմքով։ ԲԴԽ նախագահը, առանց իր իրական նպատակները թաքցնելու, հայտարարեց, որ Դանիբեկյանին հեռացնում են մեր ժամանակների «ամենակարևոր» դատական գործի պատճառով, քանի որ նա, իրենց կարծիքով, միտումնավոր է ձգձգել Ռոբերտ Քոչարյանի և Սիլվա Համբարձումյանի գործով դատաքննությունը՝ մինչև վաղեմության ժամկետը լրանա: Ըստ արդարադատության արդեն նախկին նախարար Գրիգոր Մինասյանի՝ Դանիբեկյանը կոպիտ անփութությամբ խախտել է դատավորի վարքագծի կանոնները, որի հետևանքով ամբաստանյալները, այդ թվում՝ Ռոբերտ Քոչարյանը, ազատվել են պատասխանատվությունից՝ հանցանքի վաղեմության ժամկետի լրանալու հիմքով:
«ԲԴԽ-ն հարկ է համարել ընդգծելու, որ երկար ձգձգված ու վաղեմության ժամկետի ավարտման հիմքով կարճված Ռոբերտ Քոչարյանի գործն ուներ բացառիկ կարևորություն թե՛ վարույթում ներգրավված անձանց շրջանակի կարգավիճակով, թե՛ նրանց մեղսագրվող արարքների քրեաիրավական բնույթով և ծանրության աստիճանով: Հետևաբար, դատավոր Դանիբեկյանը պարտավոր էր գիտակցել, որ արդարադատություն է իրականացնում ՀՀ դատաիրավական պրակտիկայի պատմության ամենակարևոր գործերից մեկով, և պետք է արդյունավետ կազմակերպեր և ողջամիտ ժամկետում իրականացներ արդարադատություն»,- ասված է ԲԴԽ որոշման մեջ։
Տեղեկացնենք, որ դատավարությունը տևել է 4 տարի 4 ամիս, ինչը, ԲԴԽ-ի համոզմամբ, տեղի է ունեցել միտումնավոր, քանի որ «դատավորը պատշաճ չի կատարել օրենքով իրեն վերապահված պարտականությունները»։ «Աննա Դանիբեկյանը չի օգտվել օրենքով նախատեսված գործիքակազմից, չի խափանել միատեսակ միջնորդությունների ներկայացմամբ դրսևորվող իրավունքի չարաշահումը, անհարգելի տարբեր պատճառներով մի շարք դատական նիստերին չներկայանալու վարքագիծը կանխելու համար դատավարական հարկադրանքի համաչափ միջոցներ չի կիրառել: Բացի դրանից, դատավորը չի առանձնացրել և առանձին վարույթներով չի քննել մեղադրանքների բնույթով և հանցագործությունների սուբյեկտներով միմյանցից տարբեր գործերը։
Վերը թվարկված անգործության տարբեր դրսևորումներով դատավոր Դանիբեկյանը նպաստել է Ռոբերտ Քոչարյանի գործով օրենքով սահմանված վաղեմության ժամկետի լրանալուն և նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելուն, ինչով իսկ խաթարել է քրեական արդարադատության շահը, նպատակը և բուն էությունը: Դատավոր Դանիբեկյանն այս ամենի արդյունքում մեծապես հեղինակազրկել է դատական իշխանությունը»,- նշում է ԲԴԽ-ն։
Եվ ահա, այս որոշման հետևանքով էլ Դանիբեկյանը տևական ժամանակ աշխատեց ՄԻԵԴ-ի դիմումի վրա և հիմա այն ուղարկում է ՄԻԵԴ»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները