Հյուսիս-Հարավի Սիսիան-Քաջարան հատվածի կառուցման համար 708 մլն եվրո վարկ կներգրավվի. Գնել Սանոսյան
«Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի շրջանակում ունենք Սիսիան-Քաջարան հատված՝ շուրջ 60 կմ, որտեղ նախատեսված է 4,7 կմ երկարությամբ 27 կամուրջ կառուցել, 12,5 կմ երկարությամբ 9 թունել, որոնցից մեկը կլինի ամենաերկարը՝ 8,6 կմ»,- կառավարության նիստում հայտնեց ՏԿԵ նախարար Գնաել Սանոսյանը՝ զեկուցելով Հայաստանի Հանրապետության և Եվրոպական ներդրումային բանկի միջև «Հայաստան. Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի ծրագիր» Կայուն զարգացման եվրոպական հիմնադրամ+ Հատուկ ներդրումային պատուհան 1» ֆինանսական պայմանագրի ստորագրման առաջարկությանը հավանություն տալու մասին կառավարության որոշումը:
Նախարարի խոսքով՝ ճանապարհահատվածի կառուցումը կբերի նրան, որ գործող ճանապարհը կկրճատվի 54 կմ-ով, որն էլ 1,5-2 ժամով կկրճատի իր ժամանակահատվածը, ներկայիս 50 կմ/ժ միջին արագությունը կդառնա 100 կմ/ժ:
Ճանապարհը կառուցելիս, Սանոսյանի խոսքով, առաջին անգամ Հայաստանում կկիրառվեն կանաչ կամուրջներ, որոնք կապահովեն կենդանիների միգրացիոն անխափան հոսքերը, իսկ ծրագիրը 3 մասից է բաղկացած՝ հյուսիսային հատված՝ 27 կմ, հարավային հատված՝ 24,2, Բարբուշատի թունել՝ 8,6 կմ:
«Ծրագրի շրջանակներում արդեն ամիսներ առաջ նման որոշում կայացրել ենք, հավանություն տվել ենք և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի հետ 236 մլն եվրոյի համաձայնագիրը կնքվել է, և հիմա ԱԺ-ում է: Սա երկրորդն է մյուս գործընկերոջ՝ Եվրոպական ներդրումային բանկի հետ նորից 236 դոլարի մասին է խոսքը»,- հյատնեց Սանոսյանը:
Տեղեկացնելով, որ երրորդ գործընկերը՝ Ասիական զարգացման բանկը, որի հետ աշխատանքներն ընթացքի մեջ են և առաջիկա ամիսներին նույն պրոցեսով կանցնենք՝ Սանոսյանն ասաց. «Ընդհանուր վարկային մասը կկազմի 708 մլն եվրո, իսկ Կառավարության մասնաբաժինը՝ 150 մլն եվրո»:
Նախարարի ներկայացմամբ՝ ԵՄ-ի հետ քննարկվում է նաև ծրագրի դրամաշնորհային մասը և նախատեսվում է մինչև 2031 թվականն իրականացնել շինարարություն, իսկ ընդհանուր ծրագրի ավարտը 2033 թվականն է:
Հարակից հրապարակումներ`
- Կառավարությունը հաստատվեց Մեսրոպ Մեսրոպյանի թեկնածությունը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի պաշտոնում
- «Հրապարակ». Հյուսիսի-հարավ մայրուղու Թալին-Լանջիկ, Լանջիկ-Գյումրի հատվածը կլինի ոչ թե բետոնապատ, այլ ասֆալտապատ