Ինչո՞ւ պետք է երիտասարդն իր կյանքը զոհաբերի Եհովայի վկայի համար. Տեր Զարեհ քահանա Աշուրյան
«Հայաստանի Հանրապետությունում Եհովայի վկաների քրիստոնեական կրոնական կազմակերպությունն» ու երեք անձ դիմել են դատարան՝ պատիվը, արժանապատվությունը և գործարար համբավը արտահայտող վիրավորանքի արտահայտությունների համար հանրորեն ներողություն խնդրելու, զրպարտություն հանդիսացող տեղեկությունները հերքելու, համապատասխան փոխհատուցում տրամադրելու և դատական ծախսերը բռնագանձելու պահանջներով։ Պատասխանողն է Մասյացոտնի թեմի Դալարի սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Զարեհ քահանա Աշուրյանը։
Եհովականների «գործարար» «բարի» համբավը՝ 3 միլիոն դրամ
Քաղաքացիական գործով դատավարությունն արդեն ընթանում է շուրջ մեկ տարի Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Արտաշատի նստավայրում։ Panorama.am-ի հետ զրույցում Տեր Զարեհ քահանա Աշուրյանն ասաց, որ որպես «Եհովայի վկաների» դեմ պայքարի ձև պարբերաբար հարցադրումներ է ուղղում նրանց, ինչն էլ առիթ է տվել նրանց մտածելու, որ իրենց գործարար բարի համբավն արատավորում է, անձի արժանապատվությանը վիրավորանք է հասցնում։
«Պահանջում են՝ 3 միլիոն փոխհատուցեմ, հերքեմ ու հրապարակավ ներողություն խնդրեմ։ Գրեթե մեկ տարի դատավարությունն ընթանում է»,- ասաց Տեր Հայրը։
Որոշ ժամանակ գործի վարույթը կասեցվել էր, քանի որ հայցվորների միջնորդությամբ դատարանը որոշել էր քաղաքացիական գործով նշանակել դատալեզվաբանական և դատահոգեբանական համալիր փորձաքննություն։ Փորձագիտական եզրակացությունը ներկայացվել է։ Հաջորդ դատական նիստը կայանալու է դեկտեմբերի 2-ին։
«Բնականաբար, ես իրենց կողմից ինձ ուղղված մեղադրանքները չեմ ընդունում։ Դրանք բոլորը դատողական բնույթի գնահատականներ են։ Որևէ անձի վիրավորելու նպատակ, ցանկություն երբևէ չեմ ունեցել։
Աստվածաշունչն ինձ սովորեցրել է՝ «մեղքն ատելի է, բայց մեղավորը սիրելի է»։ Որպես երևույթ՝ անընդունելի է, բայց մարդը, որ այդ երևույթի կրողն է, արտահայտողն է, ինքն ինձ համար որպես քրիստոնյա, ես իր համար էլ եմ աղոթում, Աստծուց խնդրում եմ իրեն ուղիղ ճանապարհի վրա դնի»,- ասաց Տեր Զարեհ քահանա Աշուրյանը։
Տեր Հայրը շարունակում է իր պայքարը Եհովայի վկաների դեմ, որոնք փողոցներում են քարոզ անում, մարդկանց բաժանում իրենց գրքույկները. «Ոչ մի բանով ես կաշկանդված չեմ, իմ պայքարը շարունակվում է»։
Արդյո՞ք աղանդավորների թիվն ավելանում է Հայաստանում
«Այդ վիճակագրությանը ես չեմ տիրապետում։ Այդ վիճակագրությունը պետք է համապատասխան մարմինները տիրապետեն։ Երևանում, տարբեր քաղաքներում շատացել են նրանք, ովքեր ստենդներով կանգնում են փողոցներում։ Ավելի հաճախակի ենք հանդիպում նրանց։ Դա էլ ինչով է պայմանավորված՝ չեմ կարող գնահատել»,- ասաց քահանան։
Ի՞նչ պետք է քաղաքացին պատասխանի, երբ աղանդավորները գալիս, թակում են դուռն ու առաջարկում իրենց գրքույկները
«Նախ՝ իրենք որևէ իրավունք չունեն իրենց կրոնական հայացքները տարածելու, քարոզելու համար որևէ մեկի դուռը թակել։
Երկրորդ՝ քաղաքացին ինքն է որոշում իրենց ներս հրավիրի, թե դուրս հրավիրի, լսի իրենց, թե չլսի։ Այն քաղաքացին, որն ունի կրոնական գիտակցություն, թեկուզ ամենացածր մակարդակի վրա, գիտի, որ իրենք քրիստոնեության հետ կապ չունեն։
Իրենց քարոզչությունն առաջին հերթին, կրոնական, երկրորդ հերթին ազգային անվտանգության խնդիր է առաջացնում։
Վերցնենք առողջապահության ոլորտին առնչվող իրենց խնդիրները։ Արյան փոխներարկում չեն ընդունում, իրենց բացատրությամբ՝ հոգին արյան մեջ է։ Քանի նորածին երեխաներ, ծննդկաններ են մահացել այդ պատճառով։ Առհասարակ, քանի հոգի է մահացել։ Այդ վիճակագրությունը պետությունը չունի։
Իրենք կոնկրետ մարդկանց առողջությունն են վնասում իրենց կեղծ քարոզչություններով։ Իրենց կեղծ վարդապետությունը մարդկանց կյանքի հետ անհամատեղելի է երբեմն դառնում։
Բավականին շատ խնդիրներ կան Եհովայի վկաների՝ բանակում չծառայելու հետ կապված։
Իրենք նույն բացատրությունն են տալիս, թե ինչու չեն ծառայում բանակում. Ավետարանում, երբ որ Քրիստոսին Գեթսեմանում ուզում էին ձերբակալել, Պետրոսը սուրը հանում և քահանայապետի ծառայողի ականջը կտրում է։ Քրիստոսն ասում է՝ սուրը դիր պատյանի մեջ, ով սուր է վերցնում, սրով պետք է ընկնի։
Ես իրենց տրամաբանական հարց եմ տալիս. լավ, հիմա ադրբեջանցին մեր դեմ սուր է վերցրել, սուրից պետք է ընկնի, չէ՞, Քրիստոսն ասում է՝ սուր վերցնողը սուրից պետք է ընկնի։ Եթե մենք համարում ենք, որ սուր վերցնողը սրով կընկնի, մենք մեր սուրը դնում ենք պատյանում, ուրեմն մենք մեզ անուղղակիորեն ընդունում ենք ագրեսոր, այսինքն մենք ենք սուր վերցնողը, բայց իրականում Ադրբեջանն է մեր դեմ սուր վերցնողը։ Հետևաբար, հարց է առաջանում՝ ո՞ւմ սուրից պետք է ընկնի՝ ՆԱՏՕ-ի՞, Ռուսաստանի՞, Հայաստանի՞։ Միշտ ուզել եմ այդ հարցն իրենցից ճշտել։
Ինչո՞ւ պետք է զինվորը, ով իր կյանքը զոհաբերում է նաև իրենց երեխաների համար, անընդունելի լինի։
Երաժիշտները պատմեցին մի դեպք. մի առիթով Եհովայի վկաների հարսանիքին են ներկա եղել, արգելել են հանդիսավարին զինվորի կենացը բարձրացնել կամ հայրենիք մասին երգ են երգել, խիստ դիտողություն են արել։
Նման շատ դեպքեր կան»։
Դպրոցներում նույնպես խնդիրներ են արձանագրվում՝ կապված «Եհովայի վկաների» ընտանիքի երեխաների հետ
««Եհովայի վկաների» ընտանիքների երեխաները ծնունդի տորթ չեն ուտում։ Դասարանցիներից մեկի ծնդունդն են նշում, տորթ են բերում, սակայն Եհովայի վկաների երեխաներն այդ օրը չեն ուտում, քանի որ ծնունդի տորթ է, բայց ասում են՝ հաջորդը օրը կարող են ուտել։
Իրենց բացատրությունները երևի թե կտան, բայց, ամեն դեպքում, սրանք լուրջ մտահոգության առիթներ են, պատկան մարմինները պետք է զբաղվեն։ Ես խնդիր եմ առաջ քաշում, բարձրաձայնում, բայց լուծումներն իմ ձեռքում չեն, պատկան մարմինների ձեռքում է»,- ասաց Տեր Հայրը։
Աղանդավորներ միշտ էլ կլինեն. ի՞նչ է պետք անել այդ դեպքում
Տեր Զարեհ քահանա Աշուրյանն ընդգծեց՝ աղանդավորներ միշտ էլ կլինեն՝ սկսած Քրիստոսից, մինչև Քրիստոսի երկրորդ գալուստ. «Իրենց դեմ պայքարելու խնդիր չկա, ուղղակի պետք է այդ ամեն ինչը վերահսկվի, իրենց քարոզչությունն արգելվի փողոցներում։ Իրենք իրենց հավաքատեղերում հավաքվում, քարոզում են, որևէ մեկը չի կարող գնալ ու ասել՝ ինչ եք անում, եթե, իհարկե, Սահմանադրությանը, մարդկային բարոյական արեժահամակարգին, հոգևոր համակարգին դեմ չէ։ Ուղղակի այդ ամեն ինչը պետք է վերահսկվի։
Ես կողմ եմ, որ Հայաստանում ամբողջությամբ փակվեն աղանդավորական կազմակերպությունները։ Ես կողմ եմ որպես քրիստոնյա, որպես հոգևորական, բայց պետությունը պետք է առնվազն վերահսկի այդ մարդկանց գործունեությունը Հայաստանում, իսկ պետությունը, իմ իմանալով, որևէ վիճակագրական տվյալներ չունի իրենց հետ առնչվող՝ ինչ ծրագրեր են իրականացնում, ինչ են քարոզում, քանի հոգի են հոգեկան շեղումների հասել իրենց քարոզչության արդյունքում, քանի ինքնասպանության դեպքեր կան, բժշկական օգնությունից քանի մարդ է հրաժարվել, բանակից ազատվելու իրենց պատճառաբանությունները որքանով են բխում քրիստոնեական վարդապետության սկզբունքներից։ Եթե քրիստոնեության սկզբունքներից չի բխում, այդ դեպքում ընդամենը պատրվակ է բանակից խուսանավելու համար։
Ինչո՞ւ պետք է երիտասարդն իր կյանքը զոհաբերի մի Եհովայի վկայի համար, ով ասում է՝ բանակում ծառայելը, զենք վերցնելը մեղք է։ Ինչո՞ւ համար։ Այդ հարցի պատասխանն իրենք չունեն»։
Տեր Հայրը համոզված է՝ Հայաստանում գործող բոլոր աղանդավորական կազմակերպությունների գործունեությունը սպառնում է Հայաստանի ազգային անվտանգությանը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան